Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի կալանքը 2 ամսով երկարաձգվեց – Armenia Today

Դատավոր Կարեն Ֆարխոյանը 2 ամսով երկարաձգել է Մայր Աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի կալանքը, հայտնել է նրա փաստաբան Արսեն Բաբայանը։

Փաստաբանը նշել է, որ որոշումը ստանալուց հետո բողոքարկելու է այն։

Բաբայանը տեղեկացրել է նաև տեսակցությունների սահմանափակման մասին, միևնույն ժամանակ նշել, որ դատարանն արքեպիսկոպոսին թույլատրել է տեսակցել միայն քրոջ երեխաներին՝ բավարարելով այդ մասով ներկայացված միջնորդությունը։

Նրա փաստաբան Ռուբեն Մելիքյանը փետրվարի 3-ին հայտնել էր, որ ներկայացված միջնորդությունն իր բնույթով ավելի խիստ էր, քան սկզբնական կալանքի միջնորդությունը։

«Խոսքը վերաբերում է իրավունքների սահմանափակման ծավալին։ Տեսակցությունների մասով ավելի խիստ միջնորդությունն էր, քան սկզբնական կալանքի միջնորդության մասին որոշումը»,- նշել էր Մելիքյանը։

2025 թվականի դեկտեմբերի 4-ին արքեպիսկոպոսին ձերբակալել, իսկ դեկտեմբերի 5-ին կալանավորել էին մի խումբ անձանց կողմից նախնական հանաձայնությամբ թմրամիջոց ապօրինի իրացնելու հոդվածով։ Փաստաբանը հայտնել էր, որ Մայր Աթոռի դիվանապետը մեղադրվում է Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի դեմ 2018-ին ակցիա իրականացնողներից մեկի պայուսակում իբր թմրամիջոց դնելու մեջ, ինչը, նրա խոսքով, անհեթեթություն է։

Վերաքննիչ քրեական դատարանը հունվարի 12-ին մերժել էր Մայր Աթոռի դիվանապետի կալանքի դեմ ներկայացված բողոքը: Արքեպիսկոպոս կալանքի երկարացման միջնորդության քննությունը տեղի էր ունեցել փետրվարի 2-ին։

Leave a Comment