Վաղուհասի Սբ Աստվածածին եկեղեցին՝ ադրբեջանցիների վանդալիզմի զոհ

Վաղուհասի Սբ Աստվածածին եկեղեցին՝ ադրբեջանցիների վանդալիզմի զոհ

3 փետրվարի 2026 – 12:00 AMT

PanARMENIAN.NetԱդրբեջանը վանդալիզմի է ենթարկել Արցախի Վաղուհաս գյուղում գտնվող Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցին, հայտնում է «Գեղարդ» հիմնադրամը:

Նշվում է, որ Ադրբեջանը շարունակում է հետևողականորեն ոչնչացնել հայկական բնիկության հետքերն Արցախում՝ այն ծառայեցնելով տարածաշրջանային իր հավակնություններին:

«Ադրբեջանական վանդալիզմի թիրախում է հայտնվել Մարտակերտի շրջանի Վաղուհաս գյուղի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցին։ Ադրբեջանցիները կոտրել են եկեղեցու բակում տեղադրված խաչքարերից առնվազն մեկը, պոկել եկեղեցու սրբապատկերները։

Ցավալի է, որ «քրիստոնեական արժեքների պահպանմամբ» շահագրգիռ միջազգային կառույցներն ու դրանցում ներգրավված անձինք, կարծես թե չեն նկատում համընդհանուր քրիստոնեական ժառանգության մաս կազմող հայկական քրիստոնեական հուշարձանների պահպանման հարցի կարևորությունը:

Տարիներ շարունակ Ադրբեջանը միջազգային հարթակներում փորձում է ներկայանալ իբրև «բազմամշակութային» և «հանդուրժող» պետություն: Միջազգային հանրության համար կերտված այս «իմիջը» միջոց է քողարկելու Ադրբեջանի հայատյաց քաղաքականությունը, որի դրսևորումներից է այդ պետության տարածքում հայտնված մշակութային կոթողների ոչնչացումը կամ յուրացումը»,– նշված է «Գեղարդ»-ի հրապարակման մեջ։

Հիմնադրամը արձանագրել է, որ այս կերպարն օգտագործվում է որպես վահան՝ քողարկելու համար Ադրբեջանի հետևողական հակահայ գործունեությունը, որը ներառում է մշակութային ժառանգության ոչնչացման ու պատմական փաստերի խեղաթյուրման բազմաթիվ օրինակներ։

Ավելի վաղ ԱՄՆ միջազգային կրոնական ազատության հանձնաժողովը՝ USCIRF-ի, զեկույցում ուշադրություն է հրավիրել նաև Արցախի հայկական կրոնական և մշակութային ժառանգության համակարգված ոչնչացման փաստերին։ USCIRF-ն ԱՄՆ կառավարությանն ու Կոնգրեսին առաջարկել է մի շարք քայլեր ձեռնարկել, մասնավորապես թիրախային պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի նկատմամբ, թույլ տալ, որ անկախ միջազգային դիտորդները, օրինակ` ՄԱԿ-ի ներկայացուցիչներն այցելեն Լեռնային Ղարաբաղ և հարակից տարածքներ՝ մշակութային և կրոնական ժաանգության ցանկը ստուգելու և փաստաթղթավորելու համար: Կառույցը նաև առաջարկել է լսումներ անցկացնել Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում։

Leave a Comment