Հանձնարարել եմ արտգործնախարար Արաղչիին՝ ապահովել արդար և անաչառ բանակցություններ. Փեզեշքիան


Իրանի նախագահը հայտարարել է, որ հաշվի առնելով տարածաշրջանի բարեկամ կառավարությունների խնդրանքը՝ արձագանքել բանակցելու՝ ԱՄՆ նախագահի առաջարկին, ինքը հանձնարարել է արտգործնախարար Արաղչիին՝ ապահովել արդար և անաչառ բանակցություններ:


Մասուդ Փեզեշքիանն ընդգծել է՝ դրանք պետք է լինեն արժանապատիվ և համապատասխանեն Իսլամական Հանրապետության շահերին: 


«Հարկավոր է ստեղծել սպառնալիքներից և անհիմն ակնկալիքներից զերծ մթնոլորտ»,- շեշտել է Իրանի նախագահը։ 


Արևմտյան ԶԼՄ-ները գրում են, որ հնարավոր է՝ փետրվարի 6-ին տեղի ունենա ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի և Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչիի հանդիպումը: Ակնկալվում է, որ օրակարգում է լինելու Իրանի միջուկային ծրագիրը: 


Այս ֆոնին Իրանի գերագույն առաջնորդի խորհրդական Ալի Շամխանին հայտարարել է, որ Թեհրանը պատրաստ է ուրանի հարստացման մակարդակը 60 %-ից հասցնել 20 %-ի՝ պայմանով, որ Միացյալ Նահանգները ևս գնա զիջումների: Նրա խոսքով՝ Վաշինգտոնից բանակցելու առաջարկներ են ստանում, և հույս կա, որ պատերազմից հնարավոր կլինի խուսափել: Միևնույն ժամանակ, Շամխանին նախազգուշացրել է, որ ամերիկյան ագրեսիայի դեպքում Իսրայելի տարածքը ևս կդառնա օրինական թիրախ: 


Իրանի շուրջ իրավիճակին է անդրադարձել Դոնալդ Թրամփը, հայտարարել՝ եթե բանակցությունները ձախողվեն, «շատ վատ բաներ կարող են տեղի ունենալ»: ԱՄՆ նախագահը հերթական անգամ հիշեցրել է, որ Իրանի ուղղությամբ հզոր նավատորմ է շարժվում:

Դիտումների քանակ6

Leave a Comment