3 փետրվարի 2026 – 10:52 AMT
PanARMENIAN.Net – Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Հայաստանը շարունակում է մնալ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության` ՀԱՊԿ անդամ՝ պահպանելով բոլոր իրավունքներն ու պարտավորությունները:
«Մենք կողմ ենք, որ Երևանը լիարժեք մասնակցի ՀԱՊԿ աշխատանքներին, քանի որ այն հանդիսանում է երկրի անվտանգության անբաժան մասը»,-ասել է նա, հայտնում է «Նովոստի Արմենիան»:
Ռուսաստանը նաև հուսով է, որ Հայաստանի արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացումը չի ենթադրում կողմնորոշում դեպի հակառուսական դաշինքներ։
«Ելնում ենք նրանից, որ հայկական ղեկավարության՝ արտաքին կապերի դիվերսիֆիկացման գիծը չի ենթադրում ավանդական դաշնակիցների հետ համագործակցության սահմանափակում, վերաուղղում այն միավորումների և դաշինքների չափանիշներին, որոնք ցանկանում են մեր երկրին «ստրատեգիական պարտության» ենթարկել», — ընդգծել է Լավրովը, հայտնում է Sputnik Արմենիան:
Նրա խոսքով՝ Մոսկվան բացահայտ ներկայացրել է իր դիրքորոշումը՝ կապված Հայաստանի՝ Եվրամիությանը մերձենալու փորձերի հետ։ Ռուսաստանում համոզված են, որ Հարավային Կովկասի երկրները, այդ թվում՝ Հայաստանը, գիտակցում են, որ Բրյուսելի և Վաշինգտոնի, առերևույթ, բարեկամական նախաձեռնությունների ետևում կանգնած է սառնասիրտ հաշվարկ։ Այս տարածաշրջանը, որի հետ Ռուսաստանը սերտ և պատմական կապեր ունի, Արևմուտքի համար ընդամենը պոտենցիալ «ցավոտ կետ» է, որի վրա սեղմելով՝ կարող են փորձել վնասել Մոսկվային։
Լավրովը նշել է, որ ռուս-հայկական հարաբերությունները հիմնված են ամուր իրավապայմանագրային հիմքի վրա, որն ամրագրում է դաշնակցային բնույթը։
«Մենք արդյունավետորեն համագործակցում ենք եվրասիական տարածքում գործող ընդհանուր ինտեգրացիոն միավորումների շրջանակներում։ ԵԱՏՄ-ում անդամակցությունը հանրապետությանը բերում է իրական, շոշափելի օգուտներ։ Միության հիմնական առավելություններից մեկը հարցերի լուծումն է՝ հիմնված քաղաքական կոնյուկտուրայից չազդվող փոխադարձ հարգանքի և անդամ երկրների շահերի հաշվի առնելու սկզբունքի վրա», — նշել է նախարարը։
Բացի այդ, Լավրովը նշել է, որ Ռուսաստանն իրականում ապացուցում է իր դերը՝ որպես Հայաստանի վստահելի եւ առանցքային առևտրատնտեսական գործընկեր և նրա պարենային ու էներգետիկ անվտանգության երաշխավոր։
«Հայաստանի արտաքին ապրանքաշրջանառության մեջ մեր երկրի բաժինը կազմում է մոտ 35 տոկոս։ Ռուսական բիզնեսը երկրի սոցիալ–տնտեսական բարեկեցության կարևոր տարրերից մեկն է։ Համագործակցության ընդլայնման հարցեր կան, օրինակ՝ խաղաղ ատոմի և լոգիստիկայի ոլորտում։ Իրականացվում են բազմաթիվ համատեղ կրթական և մշակութային նախաձեռնություններ»,– նշել է Լավրովը։
Ըստ նրա` ռուսական ռազմաբազան և ռուս սահմանապահները հանդես են գալիս որպես Հայաստանի և ամբողջ Հարավային Կովկասի անվտանգության առանցքային տարրեր։
2024 թվականի փետրվարին Հայաստանը հայտարարել է ՀԱՊԿ-ում իր մասնակցության սառեցման և անդամավճարներ չվճարելու մասին։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ կազմակերպությունը չի կատարել Հայաստանի նկատմամբ ունեցած պաշտպանական պարտավորությունները, այդ թվում՝ 2021-2022 թվականներին, ինչն ըստ նրա՝ սպառնալիք է դարձել երկրի անվտանգության եւ ինքնիշխանության համար։
Հայաստանի արտաքին գործերի նախարարությունն իր հերթին նշել է, որ անդամակցության վերաբերյալ վերջնական որոշումը կընդունվի, եթե ՀԱՊԿ անդամ երկրները չարձագանքեն Ադրբեջանի կողմից հայկական տարածքների օկուպացման փաստին։ Միաժամանակ, 2025 թվականի վերջին Երևանը ընդգծել է, որ ՀԱՊԿ-ից դուրս գալու հարցը պաշտոնապես չի քննարկվում։