
«Գեղարդ» հիմնադրամը փաստական նյութեր է ձեռք բերել այն մասին, որ Ադրբեջանը վանդալիզմի է ենթարկել Մարտակերտի շրջանի Վաղուհաս գյուղի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցին։ Ադրբեջանցիները կոտրել են եկեղեցու բակում տեղադրված խաչքարերից առնվազն մեկը, պոկել եկեղեցու սրբապատկերները։

<Ցավալի է, որ «քրիստոնեական արժեքների պահպանմամբ» շահագրգիռ միջազգային կառույցներն ու դրանցում ներգրավված անձինք, կարծես թե չեն նկատում համընդհանուր քրիստոնեական ժառանգության մաս կազմող հայկական քրիստոնեական հուշարձանների պահպանման հարցի կարևորությունը»,-նշել են հիմնադրամից::

«Գեղարդից» հիշեցրել են, որ տարիներ շարունակ Ադրբեջանը միջազգային հարթակներում փորձում է ներկայանալ իբրև «բազմամշակութային» և «հանդուրժող» պետություն, մինչդեռ միջազգային հանրության համար կերտված այս «իմիջ»-ը միջոց է քողարկելու Ադրբեջանի հայատյաց քաղաքականությունը, որի դրսևորումներից է այդ պետության տարածքում հայտնված մշակութային կոթողների ոչնչացումը կամ յուրացումը:

Մարտակերտի շրջանի Վաղուհաս գյուղի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցին օծվել էր 2012 թվականի փետրվարի 19-ին՝ Վաղուհասի ազատագրման 19-րդ տարեդարձի օրը: