Ռազմանավերի կուտակումներ Պարսից ծոցում, փոխադարձ սպառնալիքներ ու զգուշացումներ, բանակցությունների երերուն հավանականություն․ ԱՄՆ-Իրան առճակատումը չի թուլանում

Փոխադարձ սպառնալիքներից հետո Միացյալ Նահանգներն ու Իրանը խոսում են բանակցությունների հնարավորության մասին։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հույս ունի համաձայնության հասնելու Թեհրանի հետ։ Թրամփն այս մասին ասել է այն բանից հետո, երբ Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին հայտարարել է, որ ԱՄՆ-ի հնարավոր հարձակումն Իրանի վրա կարող է լայնամասշտաբ հակամարտության հանգեցնել, որի մեջ ներգրավված կլինի ողջ տարածաշրջանը։

Վերջին օրերի միջազգային լրահոսը ողողված է Իրանի ափերին ամերիկյան ռազմանավերի մոտենալու մասին լուրերով։ Ընդ որում՝ դրանք ուղեկցվում են փոխադարձ սպառնալիքների ու զգուշացումների հիշատակումներով։

Թեհրանը մի քանի օր առաջ տեղեկացրեց, որ փետրվարի 1-ից ռազմածովային ուժերի զորավարժություններ է ծրագրում Հորմուզի նեղուցում։ Ավելի վաղ լուրեր տարածվեցին, որ Հորմուզի նեղուցում և Օմանի ծոցում Իրան-Ռուսաստան-Չինաստան համատեղ զորավարժություններ են ծրագրվում։ 

Իրանի արտգործնախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային հայտարարել է, որ Իրանը կարևոր դեր ունի Պարսից ծոցի և Հորմուզի նեղուցի անվտանգության ու կայունության ապահովման գործում, և որ այդ զորավարժությունները պարբերական են և անցկացվում են ամեն տարի՝ ըստ հաստատված ժամանակացույցի։ Նա վստահեցրել է, որ վարժանքների հիմնական նպատակը երկրի պաշտպանական կարողությունների ամրապնդումն է և զինված ուժերի պատրաստվածության բարձրացումը։

Իրանի ԱԳՆ խոսնակը պարզաբանել է, որ զորավարժությունները ուղղված չեն որևէ երկրի դեմ և արվում են ազգային անվտանգության համար։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վերջին սպառնալիքներին ու զգուշացումներին ի պատասխան՝ Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեին այսպիսի հայտարարություն էր արել․

«Այդ պարոնը շարունակում է պնդել, որ մենք ռազմանավեր ենք բերել տարածաշրջան և արել ենք այս կամ այն։ Կարծում եմ՝ նա չպետք է վախեցնի իրանական ազգին նման բաներով, քանի որ դրանք ազդեցություն չեն ունենա իրանցիների վրա։ Իրանցիները չեն վախենում արդարացի բախումից։ Մենք չենք հրահրողները և չենք ցանկանում հարձակվել որևէ երկրի վրա։ Բայց ունակ ենք ուժեղ հակահարված հասցնելու յուրաքանչյուրին, որ կհարձակվի իրանցիների վրա»։

Այս զգուշացմանը հետևեց Խամենեի մեկ այլ նկատառում ևս․

«Ամերիկացիները պետք է գիտակցեն, որ եթե այս անգամ պատերազմ սկսեն, դա կլինի տարածաշրջանային պատերազմ»։

Չուշացավ նաև Դոնալդ Թրամփի արձագանքը․

«Իսկ ինչո՞ւ նա չպետք է նման բան ասի: Իհարկե, նա դա կասի: Բայց մենք այնտեղ ունենք աշխարհի ամենամեծ և հզոր նավերը: Շատ մոտ են՝ մի քանի օրվա հեռավորության վրա: Հույս ունեմ, որ մենք գործարք կկնքենք: Եթե ոչ, այդ ժամանակ մենք կիմանանք՝ նա ճիշտ էր, թե ոչ»:

Այս հայտարարությունից մեկ օր առաջ Թրամփը լրագրողներին ասել էր, որ Իրանը լրջորեն բանակցում է Վաշինգտոնի հետ: Ավելի ուշ Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչին վստահություն էր հայտնել, որ իրենք կկարողանան համաձայնության հասնել Վաշինգտոնի հետ Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ՝ ընդգծելով, սակայն, որ կորցրել են վստահությունը ԱՄՆ-ի՝ որպես բանակցային գործընկերոջ նկատմամբ։

Արաղչին հայտարարել էր նաև, որ կարևոր դասեր են քաղել և արժեքավոր փորձ ձեռք բերել 2025 թ․ 12-օրյա պատերազմից, և եթե հարձակում տեղի ունենա Իրանի վրա, ապա պատասխանը կլինի շատ կտրուկ ու հուժկու։

Նա չէր պատասխանել հարցին, թե արդյոք Իրանը ռազմական օգնություն ստացել է Ռուսաստանից և Չինաստանից։

Իրանցի գեներալ Ահմադ Վահիդին ամերիկյան հայտարարությունները համարել է անխուսափելի պատերազմի տպավորություն ստեղծելու հոգեբանական գործողության մի մաս, որը նպատակ ունի ազդելու հասարակական կարծիքի վրա։ Նա զգուշացնում է, որ Իրանը չպետք է ընկնի այդ քարոզչական ծուղակը։

Բացի այդ, ի պատասխան Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը ահաբեկչական կազմակերպություն ճանաչելու ԵՄ որոշման, Իրանը ԵՄ երկրների բանակներն է ավելացրել ահաբեկչական խմբերի ցանկի մեջ, իսկ Իրանի խորհրդարանը կոչ է արել երկրից վտարելու եվրոպացի ռազմական կցորդներին:

Ամերիկյան The National Interest պարբերականը գրում է․ «Իրանը, ընդլայնելով մարտադաշտը և բարձրացնելով հնարավոր վնասների գինը, ունակ է քաղաքական ճնշում գործադրելու ԱՄՆ-ի վրա։ Իրանը տիրապետում է այնպիսի կարողությունների, ինչպիսիք են հրթիռները, անօդաչու սարքերը և տարածաշրջանային դաշնակից ուժերը»:

Փորձագետները կարծում են, որ Իրանի վրա ամերիկյան հարձակումը կարող է թուլացնել իրանական ընդդիմության դիրքերը, մինչդեռ չհարձակվելը կուժեղացնի Վաշինգտոնի հանդեպ անվստահության մասին թեզը:

Leave a Comment