Ադրբեջանը վանդալիզմի է ենթարկել Արցախի Վաղուհաս գյուղի եկեղեցին․ «Գեղարդ» հիմնադրամ

Ադրբեջանական վանդալիզմի թիրախում է հայտնվել օկուպացված Արցախի Մարտակերտի շրջանի Վաղուհաս գյուղի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցին, հայտնում է «Գեղարդ» հիմնադրամը՝ հրապարակելով համապատասխան կադրեր։

Նկարներում երևում է, որ ադրբեջանցիները կոտրել են եկեղեցու բակում տեղադրված խաչքարերից առնվազն մեկը, պոկել եկեղեցու սրբապատկերները։

Հիմնադրամը ցավով արձանագրել է, որ «քրիստոնեական արժեքների պահպանմամբ» շահագրգիռ միջազգային կառույցներն ու դրանցում ներգրավված անձինք չեն նկատում համընդհանուր քրիստոնեական ժառանգության մաս կազմող հայկական քրիստոնեական հուշարձանների պահպանման հարցի կարևորությունը:

2025 թվականի դեկտեմբերին Artsakh Monuments-ը հայտնել էր, որ ադրբեջանցիները պղծել ու վանդալիզմի են ենթարկել Արցախի Մարտակերտի շրջանի 17-րդ դարի Երից Մանկանց վանքը։

Ադրբեջանը 2023 թվականի սեպտեմբերից հողին էր հավասարեցրել Արցախի չորս գյուղ ու ոչնչացրել մի քանի տասնյակ մշակութային հուշարձաններ, որոնց թվում են ավելի քան 10 եկեղեցի, մոտ 50 հուշահամալիր, քանդակներ ու խաչքարեր։ Նրանք ոչնչացրել էին Շուշիի շրջանի Քարին Տակ գյուղը, ինչպես նաև Հադրութի շրջանի Մոխրենես, Մարիամաձոր և Ցամաքձոր գյուղերը։ 

Կարդացեք նաև՝ 

Ադրբեջանը մեկուկես տարում ոչնչացրել է Արցախի 50-ից ավելի մշակութային հուշարձան. ժամանակագրություն

Leave a Comment