2 փետրվարի 2026 – 17:33 AMT
PanARMENIAN.Net – Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Վազգեն Հարությունյանը տեղեկացրել է, որ ինքն արդեն հարցաքննվել է։ Նրա խոսքով, ներկայումս իր պաշտոնավարման լիազորությունները կասեցված են։
Նա ասել է, որ ծանոթացել է իրեն առաջադրված մեղադրանքին, հայտնել իր դիրքորոշումը և ամբողջությամբ հերքում է ներկայացված մեղադրանքը, հայտնում է Factor.am-ը:
«Մեղադրանքին ծանոթացել եմ, դիրքորոշում եմ հայտնել, որ մեղադրանքի հետ համաձայն չեմ։ Մանրամասն ներկայացրել եմ փաստական բոլոր ապացույցները, որոնք ամբողջությամբ հերքում են մեղադրանքը»,- ընդգծել է Հարությունյանը։
Քննչական կոմիտեն նախօրեին հայտնել էր, որ Վազգեն Հարությունյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում, որպես խափանման միջոց կիրառվել են բացակայելու արգելքն ու պաշտոնավարման կասեցումը։
Հարությունյանը հրաժարվել է մանրամասներ ներկայացնել գնումների գործընթացի վերաբերյալ՝ վկայակոչելով նախաքննության գաղտնիությունը, սակայն շեշտել է, որ հրապարակված տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը։
«Մրցույթի ժամանակ մասնակից ընկերությունն օրենքով սահմանված փաստաթղթերը չի ներկայացրել, դրա համար պայմանագիրն օրենքով սահմանված կարգով խզվել է։ Ընկերությունն էլ դիմել է դատարան և բողոքարկել արդյունքները։ Չեմ ուզում մանրամասներին անդրադառնալ, որպեսզի նախաքննական գաղտնիք չբացահայտեմ, բայց միանշանակ կարող եմ ասել, որ դա այդպես չէ: Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչությունը՝ իմ գլխավորությամբ, գործել է բացառապես օրենքի շրջանակում՝ հօգուտ Երևանի: Այդ բոլոր փաստերը ներկայացվել են»,- պնդել է պաշտոնազուրկ պաշտոնյան։
«Հետքը» ավելի վաղ գրել էր, որ 2023 թվականի փետրվարին Երևանի քաղաքապետարանը պայմանագիր է կնքել «Իմպեքս» ՍՊԸ-ի հետ՝ ճանապարհային նշանների տեղադրման ծառայությունների մատուցման համար։ Այն ժամանակ մրցույթին մասնակցած «Ռեգիոնստրոյսերվիս» ՍՊԸ-ն վիճարկել էր արդյունքները դատական կարգով։ Այս վեճն էլ հիմք է հանդիսացել քրեական վարույթ սկսելու համար։