2 փետրվարի 2026 – 17:43 AMT
PanARMENIAN.Net – ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կմասնակցի Արաբական Միացյալ Էմիրությունների մայրաքաղաք Աբու Դաբիում փետրվարի 4-ին կայանալիք Շեյխ Զայեդ հիմնադրամի «Զայեդ մարդկային եղբայրության մրցանակի» 2026 թվականի հանձնման հանդիսավոր արարողությանը։
Տեղեկությունը հաստատել է վարչապետի խոսնակ Նազելի Բաղդասարյանը, հայտնում է Radar Armenia-ն:
Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնել են, որ միջոցառմանը մասնակցելու է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, որը ևս արժանացել է այդ մրցանակին:
Ավելի վաղ Փաշինյանը Երևանում ընդունել էր «Զայեդ» մարդկային եղբայրության մրցանակի գլխավոր քարտուղար Մուհամմադ Աբդելսալամին, ինչպես նաև հանձնաժողովի անդամներ՝ Եվրոպական խորհրդի նախկին նախագահ, Բելգիայի նախկին վարչապետ Շառլ Միշելին ու Աֆրիկյան միության հանձնաժողովի նախկին ղեկավար, Չադի նախկին վարչապետ Մուսա Ֆակի Մահամաթին։
«Զայեդի» մրցանակը ստացել է իր անվանումը Արաբական Միացյալ Էմիրությունների հիմնադիր և հանգուցյալ առաջնորդ Շեյխ Զայեդ բին Սուլթան Ալ Նահյանի անունով։ Այն շնորհվում է անձանց կամ կազմակերպությունների, անկախ նրանց ազգային, մշակութային կամ աշխարհագրական պատկանելությունից, որոնք նշանակալի ներդրում են ունենում մարդկային եղբայրության և խաղաղ համակեցության ոլորտում։