Հայաստանը և Հնդկաստանը պատրաստ են ընդլայնել պաշտպանական համագործակցությունը

Հայաստան կատարած պաշտոնական այցի շրջանակում Հնդկաստանի զինված ուժերի պաշտպանության շտաբի պետ, գեներալ Անիլ Չաուհանին ընդունել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, հայտնում է ՀՀ ՊՆ-ն։ 

Հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհան։

Ըստ հաղորդագրության՝ Պապիկյանը բարձր է գնահատել պաշտպանության բնագավառում Հայաստան-Հնդկաստան համագործակցության ներկայիս մակարդակը՝ կարևորելով փոխգործակցության ծրագրերի կանոնավոր իրականացումը:

Գեներալ Չաուհանը, իր հերթին, հայտնել է Հնդկաստանի զինված ուժերի պատրաստակամությունը՝ շարունակելու համագործակցության զարգացումն առկա ուղղություններով և նախաձեռնելու փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող նոր ուղղություններ:

Նշվում է, որ հանդիպման ընթացքում քննարկվել են նաև տարածաշրջանային ու միջազգային անվտանգությանն առնչվող մի շարք հարցեր:

2022 թվականի սեպտեմբերին հաղորդվել էր, որ Հայաստանը Հնդկաստանի հետ 244 միլիոն դոլարի զենքի մատակարարման պայմանագիր է կնքել, այդ թվում՝ Pinaka բազմակի հրթիռային համակարգերի (MLRS): Հնդկական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ պայմանագիրը ներառում էր Pinaka չորս մարտկոցի մատակարարում, իսկ MLRS արձակիչների մատակարարումներն սկսվել էին 2023 թվականի հուլիսից և ավարտվել 2024 թվականի նոյեմբերին:

2024 թվականի հուլիսին հաղորդվել էր, որ Հայաստանը դարձել է Հնդկաստանից զենքի խոշորագույն ներմուծողը։ Հնդկաստանի ֆինանսների նախարարության տվյալներով՝ Հնդկաստանից Հայաստան զենքի ընդհանուր ներմուծումը 2024-2025 ֆինանսական տարվա սկզբին հասել էր 600 միլիոն դոլարի։

Հունվարին Հնդկաստանի կառավարության մամուլի և տեղեկատվության բյուրոն հայտնել էր, որ Հնդկաստանն սկսել է Pinaka կառավարվող հրթիռներ մատակարարել Հայաստանին։ 

Leave a Comment