Իրանը պետք է համաձայնագիր կնքի ԱՄՆ-ի հետ. Թրամփ


ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ Իրանը պետք է համաձայնագիր կնքի Միացյալ Նահանգների հետ և երաշխավորի, որ միջուկային զենք չի ունենալու։ «Չգիտեմ՝ կհամաձայնեն դրան, թե ոչ։ Բայց նրանք բանակցություններ են վարում մեզ հետ։ Լուրջ բանակցություններ»,- լրագրողներին ասել է Դոնալդ Թրամփը։ Սպիտակ տան ղեկավարը հրաժարվել է մեկնաբանել՝ ինչ գործողություններ է պատրաստվում իրականացնել Իսլամական Հանրապետության դեմ` բանակցությունների ձախողման դեպքում: Ավելի վաղ նա տեղեկացրել էր, որ Իրանի ուղղությամբ հզոր նավատորմ է ուղարկել, և հույս էր հայտնել, որ այն կիրառելու կարիք չի լինի: Թրամփը հավելել է, որ հնարավոր գործողությունների մասին Վաշինգտոնը չի տեղեկացնում Մերձավոր Արևելքում իր դաշնակիցներին՝ տեղեկատվության արտահոսքից խուսափելու համար:


Իրանի արտգործնախարարը համակարծիք է՝ հարկավոր է գործարքի հասնել, և Թեհրանը չի պատրաստվում միջուկային զենք ստանալ: Աբբաս Արաղչին նաև հույս է հայտնել, որ հակաիրանական պատժամիջոցները կչեղարկվեն:

Ստեղծված իրավիճակը Եգիպտոսի նախագահի հետ հեռախոսազրույցում քննարկել է Իրանի նախագահը: Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է, որ Իսլամական Հանրապետությունը նախընտրում է լուծել առկա խնդիրները դիվանագիտական ճանապարհով, սակայն առանց Թեհրանին ուղղված սպառնալիքների։ Նա մեղադրել է ԱՄՆ-ին և Իսրայելին՝ հակամարտություն հրահրելու համար: «Թեհրանը խորապես համոզված է, որ պատերազմն օգուտ չի բերի ո՛չ Իրանին, ո՛չ Միացյալ Նահանգներին, ո՛չ էլ տարածաշրջանի երկրներին»,- ընդգծել է Փեզեշքիանը։

Իսլամական հեղափոխության առաջնորդն էլ նախազգուշացրել է Վաշինգտոնին՝ եթե պատերազմ սկսվի, այն կտարածվի ավելի լայն տարածաշրջանում: Ալի Խամենեին հավելել է, որ Իրանի ժողովրդին ամերիկյան նավատորմով չի կարելի վախեցնել: «Մենք չենք ցանկանում հարձակվել որևէ երկրի վրա, բայց անհրաժեշտության դեպքում հզոր պատասխան կտանք»,- ընդգծել է Խամենեին։ Նրա ձևակերպմամբ՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև այսքան տարի շարունակվող հակամարտությունը մի պարզ հարցի շուրջ է՝ Վաշինգտոնը ցանկանում է կուլ տալ Իրանին և շահագործել Իսլամական Հանրապետության ռեսուրսները՝ նավթը, գազը, հանքերը, աշխարհագրական դիրքը: Ինչ վերաբերում է երկրում դեկտեմբերի վերջից բռնկված ցույցերին՝ Խամենեին հայտարարել է՝ դա պետական հեղաշրջման փորձ էր, որը հաջողվեց կանխել:

Զուգահեռ՝ իրանական կողմը հրապարակել է Իրանում վերջերս տեղի ունեցած բողոքի ցույցերի ժամանակ զոհված 2986 քաղաքացու անուն: Իրանի նախագահի գրասենյակի տվյալով՝ ընդհանուր առմամբ զոհվել է 3117 մարդ, սակայն դեռ ոչ բոլորի ինքնությունն է հաջողվել պարզել:


Մանրամասները՝ միջազգային տեսաշարում:

Leave a Comment