Դոնալդ Թրամփը սպառնացել է դատի տալ Գրեմմի մրցանակաբաշխության հաղորդավար Թրևոր Նոային այն բանից հետո, երբ կատակերգուն հայտարարել է, թե ԱՄՆ նախագահն այցելել է սեռական հանցագործությունների համար դատապարտված Ջեֆրի Էփշտեյնի կարիբյան հայտնի կղզի՝ «մանկապիղծների կղզի»:
Թրամփը Truth Social-ում հրապարակած գրառման մեջ հայտարարել է, թե դատի է տալու Նոային, որին նա «խեղճ և անտաղանդ» է անվանել, պահանջելով «շատ դոլարներ»։
Բանն այն է, որ շնորհավորելով Բիլլի Այլիշին «Տարվա երգ» անվանակարգում հաղթելու համար, Թրևոր Նոան նշել է. «Տարվա երգը՝ դա Գրեմմին է, որը գրեթե յուրաքանչյուր արտիստ ցանկանում է այնքան, որքան Թրամփը ցանկանում է Գրենլանդիան, ինչը տրամաբանական է, քանի որ Էփշտեյնի կղզին այլևս չկա, և նրան նոր կղզի է պետք՝ Բիլ Քլինթոնի հետ շփվելու համար»:
Թրամփը Truth Social-ում պատասխանել է․ «Նոան ասաց, թե Դոնալդ Թրամփը և Բիլ Քլինթոնը ժամանակ են անցկացրել Էփշտեյնի կղզում։ Դա ՃԻՇՏ ՉԷ!!!
Բիլի փոխարեն խոսել չեմ կարող, բայց ես երբեք չեմ եղել Էփշտեյնի կղզում, անգամ մոտակայքում չեմ եղել, և մինչ այս երեկոյի կեղծ ու զրպարտչական հայտարարությունը երբեք չեմ մեղադրվել այնտեղ լինելու մեջ՝ անգամ կեղծ լրատվամիջոցների կողմից։
Կարծես թե ստիպված կլինեմ իմ փաստաբաններին ուղարկել՝ այս խեղճ, ողորմելի, անտաղանդ, հիմար հաղորդավարին դատի տալու և նրանից շատ փող պահանջելու»։
2020 թվականին Բիլ Քլինթոնը նույնպես հերքել էր, թե երբևէ այցելել է Էփշտեյնի կարիբյան կղզի, նշում է nypost-ը:
Նախագահ Թրամփը նաև սպառնացել է դատի տալ հեղինակ Մայքլ Վոլֆին: Թրամփը հեղինակին մեղադրել է իր քաղաքական կարիերան ոչնչացնելու նպատակով Էփշտեյնի հետ դավադրություն կազմակերպելու մեջ:
Nypost-ը նշում է՝ Վոլֆի և Էփշտեյնի հարաբերությունները, ըստ ամենայնի, առանձնապես մտերիմ են եղել, ինչը փաստագրվել է 2016 թվականի նրանց էլեկտրոնային նամակներում։
2016 թվականի փետրվարին՝ ընտրություններում Թրամփի հաղթանակից ընդամենը ամիսներ առաջ Վոլֆը Էփշտեյնին գրել էր, թե նա կարող է դառնալ այն «փամփուշտը», որը կավարտի Թրամփի քարոզարշավը։
Վոլֆը «Fire and Fury» գրքի հեղինակն է, որը ներկայացվում էր որպես «թրամփյան առաջին Սպիտակ տան» բացահայտում, սակայն Թրամփը գիրքն «աղբ» է անվանել, ասելով, թե այն «լի է ստերով»։
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: