Թրամփ. Եթե Իրանը չհամաձայնի միջուկային գործարքին, ապա կտեսնենք ԱՄՆ-ի հարձակումը կհանգեցնի՞ տարածաշրջանային պատերազմի

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կիրակի հայտարարել է, որ եթե Իրանը չհամաձայնի միջուկային ծրագրի շուրջ գործարքի, ապա պարզ կդառնա, արդյոք Իրանի գերագույն առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեին ճի՞շտ էր կանխատեսել, որ ԱՄՆ-ի կողմից ԻԻՀ-ի վրա հարձակումը տարածաշրջանային պատերազմի կհանգեցնի, հայտնոմ է NBC News-ը:

Այաթոլլա Ալի Խամենեիի կիրակնօրյա հայտարարությունները հնարավոր պատերազմի մասին հնչել են այն ժամանակ, երբ Թրամփը քննարկում է Իրանի դեմ ռազմական գործողությունների հնարավորությունը՝ երկրի միջուկային հավակնություններին և կառավարության կողմից ցուցարարների դեմ իրականացված ճնշումներին ի պատասխան։

Խամենեիի հայտարարությունների վերաբերյալ լրագրողի հարցին Թրամփը պատասխանել է. «Իհարկե, նա այդպես կասեր»։

«Բայց մենք այնտեղ ունենք աշխարհի ամենամեծ և ամենահզոր նավերը՝ շատ մոտ, մի քանի օրվա հեռավորության վրա, և հուսով եմ՝ գործարք կկնքենք»,– շարունակել է նա։ «Եթե գործարք չկնքենք, ապա կտեսնենք՝ նա ճիշտ էր, թե՞ ոչ»։

Լարվածությունն ավելի է սրվել այն բանից հետո, երբ ԱՄՆ-ն հունիսին հարվածներ հասցրեց իրանական միջուկային օբյեկտներին, իսկ վերջին շաբաթներին Թրամփը կոշտ քննադատության է ենթարկել Իրանի կողմից ցուցարարների դեմ իրականացվող ճնշումները։

Հունվարին Թրամփը Politico-ին ասել էր, որ իր կարծիքով՝ «ժամանակն է Իրանում նոր ղեկավարություն փնտրելու»։ Անցած ամիս, երբ բողոքի ցույցերը սրվեցին, Թրամփը իրանցի ցուցարարներին դիմելով ասել էր, թե «օգնությունը ճանապարհին է» և նրանց կոչ արել շարունակել բողոքի ցույցերը։ Իրավապաշտպան կազմակերպությունների տվյալներով՝ Իրանում ցույցերի ընթացքում հազարավոր մարդիկ են սպանվել:

Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին անցած շաբաթ ասել է, որ Իրանի և ԱՄՆ-ի միջև որևէ պլանավորված բանակցություն չկա, սակայն նշել է, որ պատրաստ է բանակցությունների վերսկսմանը։

Նույն շաբաթ Թրամփը հայտարարել էր, որ «հսկայական նավատորմ» ուղևորվում է դեպի Իրան։

«Ինչպես Վենեսուելայի դեպքում, այն պատրաստ է և ունակէ անհրաժեշտության դեպքում արագորեն կատարել իր առաքելությունը՝ արագությամբ և բռնությամբ»,– գրել էր նա Truth Social-ում։

«Հուսով ենք՝ Իրանը արագորեն «կնստի բանակցությունների սեղանի շուրջ» և կհամաձայնի արդար ու հավասարակշռված գործարքի՝ ԱՌԱՆՑ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ԶԵՆՔԻ, ինչը լավ կլինի բոլոր կողմերի համար»։

Թրամփը նշել է, որ այդ «նավատորմը» ավելի մեծ է, քան այն, որը ուղարկվել էր Վենեսուելա՝ նկատի ունենալով նախագահ Նիկոլաս Մադուրոյին և նրա կնոջը ձերբակալելու ու ԱՄՆ տեղափոխելու գործողությունը՝ մեղադրանքներ ներկայացնելու նպատակով։ Նա նաև հիշատակել է Իրանում հունիսին իրականացված հարվածների մասին՝ գրառման մեջ նշելով, որ «հաջորդ հարձակումը շատ ավելի վատ կլինի»։

NBC News-ը նախկինում հայտնել է, որ ԱՄՆ-ը Մերձավոր Արևելք է ուղարկել ավիակիր հարվածային խումբ, ինչպես նաև օդանավեր և ցամաքային հակաօդային պաշտպանության համակարգեր։

Թրամփի գրառումից հետո Իրանի գերագույն առաջնորդի ավագ խորհրդական Ալի Շամխանին նախազգուշացրել է, որ ԱՄՆ-ի հարձակման ցանկացած պատասխան լայնածավալ կլինի։

«Միացյալ Նահանգների ցանկացած ռազմական գործողություն՝ ցանկացած վայրից և ցանկացած մակարդակով, կհամարվի պատերազմի սկիզբ»,– ասել է Շամխանին, ըստ Իրանի պետական IRNA գործակալության։ «Պատասխանը կլինի անհապաղ, համապարփակ և աննախադեպ։ Թիրախավորվելու են ագրեսորի կենտրոնը, Թել Ավիվի սիրտը և բոլոր նրանք, ովքեր աջակցում են ագրեսորին»։

Թրամփը 2018 թվականին՝ իր առաջին նախագահական ժամկետի ընթացքում, դուրս բերեց ԱՄՆ-ին Իրանի միջուկային համաձայնագրից, որը հայտնի է որպես Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիր (JCPOA)։ Այդ գործարքը նախատեսում էր Իրանի նկատմամբ պատժամիջոցների թեթևացում՝ փոխարենը նրա միջուկային ծրագրի սահմանափակման։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a Comment