2025 թվականի ընթացքում Դատավորների ընդհանուր ժողովի Դատավորների գործունեության գնահատման հանձնաժողովը Բարձրագույն դատական խորհրդի 2024 թվականի օգոստոսի 26-ի թիվ ԲԴԽ-81-Ն-32 և Բարձրագույն դատական խորհրդի 2024 թվականի սեպտեմբերի 17-ի թիվ ԲԴԽ-85-Ո-172 որոշումների համաձայն՝ սկսել է իրականացնել 39 դատավորի գործունեության հերթական գնահատման գործընթացը:
2025 թվականի ընթացքում Հանձնաժողովի կողմից դատավորների գործունեության՝ արտահերթ կարգով գնահատում չի իրականացվել: Վերոնշյալ ժամանակահատվածում վերջնական հաստատվել և ավարտվել է նաև 2024 թվականից փոխանցված 5 դատավորի գործունեության գնահատման գործընթացը:
Հանձնաժողովը դատավորների գործունեության գնահատման գործընթացն իրականացնելու նպատակով սահմանված կարգով Դատական դեպարտամենտից պահանջել, ստացել և իրականացրել է շուրջ 305 դատական գործի ուսումնասիրություն, ամփոփել գնահատվող դատավորների կայացրած դատական ակտերի, բողոքարկված և բեկանված դատական ակտերի, դատարանի այլ դատավորների միջին կատարողականի հետ անհատական կատարողականի հարաբերակցության, գնահատվող դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ Բարձրագույն դատական խորհրդի որոշումների վերաբերյալ տեղեկատվությունը և դատարանների նախագահների կողմից լրացված հարցաթերթիկները:
«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 138-րդ հոդվածով սահմանված դատավորի գործունեության գնահատման չափանիշների և Բարձրագույն դատական խորհրդի 2024 թվականի օգոստոսի 26-ի թիվ ԲԴԽ-81-Ն-32 որոշմամբ սահմանված մեթոդաբանության համաձայն՝ Հանձնաժողովի կողմից գնահատվել են դատավորների՝
- դատական ակտը հիմնավորելու կարողությունը, որը ներառում է՝ ա) գործում առկա ապացույցների հիման վրա փաստերը հաստատելու կարողությունը, բ) փաստերի և իրավունքի, դրանց համադրման վերաբերյալ ինքնուրույն վերլուծության կարողությունը, գ) դատական ակտի ծանրաբեռնումը ակնհայտ ոչ վերաբերելի հղումներով, դ) մեղադրանքի սահմաններից, հայցի առարկայի շրջանակից, վերաքննիչ բողոքի հիմքերից առերևույթ դուրս գալը, ե) դատական ակտի պատճառաբանական մասի և եզրափակիչ մասի միջև պատճառահետևանքային կապի բացակայությունը,
- դատական նիստը կառավարելու և օրենքով սահմանված կարգով անցկացնելու կարողությունը, որը ներառում է՝ ա) դատական նիստի ընթացքում կատարման ենթակա գործողությունների պատշաճ հաջորդականությունն ու ամբողջականությունն ապահովելու կարողությունը, բ) հրապարակայնության, կողմերի մրցակցության ապահովման կարողությունը, գ) դատական նիստերի դահլիճում կարգի ապահովումը, դատավորի հեղինակության չափավոր կիրառման կարողությունը, դ) դատական նիստի ընթացքում պաշտոնական լեզվին ներկայացվող պահանջները պահպանելը,
- աշխատանքային ծանրաբեռնվածության արդյունավետ կառավարման ունակության և աշխատանքի պլանավորման կարողությունները, որոնց ընթացքում ուսումնասիրվել են՝ դատարանի այլ դատավորների միջին կատարողականի հետ անհատական կատարողականի հարաբերակցությունը, բողոքարկված և բեկանված (վերացված) դատական ակտերի հարաբերակցությունը:
- ողջամիտ ժամկետում գործեր քննելու ու դատական ակտեր կայացնելու կարողությունները, որոնք ներառում են՝ ա) օրենքով սահմանված ժամկետներում գործի քննությունն ու լուծումը, բ) գործի քննության ժամկետ չունեցող գործերի դեպքում գործերի քննության և լուծման ողջամիտ ժամկետի պահպանումը` համաձայն Բարձրագույն դատական խորհրդի 30.08.2021թ. թիվ ԲԴԽ-65-Ո-165 որոշման, գ) նիստերի անհիմն, չպատճառաբանված հետաձգումները և նիստերի անհիմն չկայացումները,
- դատավորի կողմից առանձին դատավարական գործողություններ կատարելու համար օրենքով սահմանված ժամկետների պահպանման կարողությունը, որը ներառում է՝ առանձին դատավարական գործողություններ օրենքով սահմանված ժամկետներում չկատարելը,
- արդյունավետ աշխատամիջավայր ապահովելու կարողությունը, որը ներառում է՝ գնահատվող դատավորի աշխատակազմի աշխատանքի նկատմամբ պատշաճ վերահսկողությունը և ողջամիտ պահանջկոտությունը, գնահատվող դատավորի աշխատակազմի աշխատանքի ճիշտ պլանավորումը և կազմակերպումը:
- Հանձնաժողովի կողմից գնահատվել են նաև դատավորի էթիկայի և վարքագծի կանոնների պահպանումը, այդ թվում նաև՝ դատարանի հանրային ընկալմանն ու դատարանի նկատմամբ վստահությանը նպաստելուն ուղղված վարքագիծը և այլ դատավորների և դատարանի աշխատակազմի նկատմամբ դրսևորած վերաբերմունքի վերաբերյալ վարքագիծը:
Այսպիսով, 2025 թվականի ընթացքում Հանձնաժողովի կողմից կայացվել է դատավորների գործունեության հերթական գնահատում իրականացնելու (սկսելու) 39 որոշում գնահատման արդյունքներով հաստատվել է դատավորների գործունեության գնահատման 28 որոշման նախագիծ, ապա կայացվել՝ 28 վերջնական որոշում, որոնք սահմանված կարգով տրամադրվել են գնահատվող դատավորներին, Դատական դեպարտամենտի ղեկավարին՝ դատավորների անձնական գործերին կցելու համար, իսկ դատավորների գործունեությունը բարձր չգնահատվելու դեպքում նաև՝ դատարանների նախագահներին և Դատավորների ընդհանուր ժողովի Ուսումնական հարցերի հանձնաժողովին՝ համապատասխանաբար դատարանների գործունեության արդյունավետությունը բարելավելու և դատավորների վերապատրաստման ուղղություններ ընտրելու համար:
Միաժամանակ, 2025 թվականին 11 դատավորի գործունեության գնահատման գործընթաց դեռևս չի ավարտվել:
| Իրականացված (սկսված) գնահատումների քանակը | Հաստատված
նախագծերի քանակը |
Վերջնական որոշումների քանակը
|
Հերթական գնահատումների քանակը | Արտահերթ գնահատումների քանակը | Չավարտված գնահատումների քանակը |
| 39 | 28 | 28 | 39 | 0 | 11 |