Տարեսկզբից հասարակական լայն քննարկման թեմա է դարձել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, ըստ որի՝ նույնիսկ եթե թոշակներն ավելացվեն 20 հազար դրամով, դա չի լուծի մարդկանց սոցիալական խնդիրները։
Վարչապետի խոսքով՝ այդ գումարը հիմնականում կուղղվի կոմունալ ծախսերին, մասնավորապես՝ ջեռուցմանը, սակայն նույնիսկ այդ պարագայում բնակարանները լիարժեք չեն տաքանա։ Այս հայտարարությունը տարբեր արձագանքների տեղիք է տվել՝ հատկապես թոշակառուների և սոցիալապես անապահով խավի շրջանում։
2023 թվականի պաշտոնական տվյալներով՝ տարեցտարի նվազում է թոշակառուների ընտանիքներում սպառված սննդի կալորիականությունը։ Այն այժմ միջինը 1700 էլ չի կազմում, իսկ 2021-ին 1900-ի էր մոտենում։
Armenia Today-ը հարցում է իրականացրել մայրաքաղաքում, քաղաքացիներից հետաքրքրվել՝ ի՞նչ կարծիք ունեն Փաշինյանի հայտարարության վերաբերյալ։
Քաղաքացիների մեծ մասը նշել է, որ 20 հազար դրամն էլ կլուծեր թոշակառուների որոշ խնդիրները:
«20 հազարն էլ այսօր քիչ փող չէ, հատկապես թոշակառունների համար», – նշել է քաղաքացիներից մեկը:
Մյուսն էլ նշել է, որ իշխանությունները միայն իրենց մասին են մտածում:
«Ո՞նց կարող է չօգնել 20 հազարը, եթե 20 հազարն էլ մեծ գումար է թոշակառուի համար, իրենց համար այդ թոշակի 50 հազարը մեկ րոպեի ծախս է, իսկ թոշակառուն 30 օր դրանով ապրում է ու կոպեկները հաշվելով», – նշել է հարցման մեկ այլ մասնակից:
Ոմանք էլ նշում էին, որ 20 հազար դրամով չեն լուծվի խնդիրները:
«Ճիշտ է ասում, 20 հազարով ի՞նչ խնդիր պետք է լուծվի, վառելիքի, ուտելու, թող բարձրանա պարգևավճարներով, ամեն ինչով, թոշակառուն կարող է առանց ուտել էլ ապրել, դառնալ մումյա», – ասել է քաղաքացիներից մեկը:
Կային նաև այլ կարծիքներ. հարցման մասնակիցների մեկը նկատել է. «Բոլորի թոշակն էլ նորմալ է, եթե մի քիչ խելոք ծախսեն»:
Մանրամասն՝ տեսանյութում։
