Երևանի քաղաքապետարանի պաշտոնյայի նկատմամբ հանրային քրհետապնդում է հարուցվել․ ԶԼՄ

Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Վազգեն Հարությունյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել, պաշտոնավարումը կասեցվել է, գրում է «Հետքը»՝ հղում անելով իր աղբյուրներին։

Քննչական կոմիտեից Armenia Today-ին ո՛չ հերքել, ո՛չ հաստատել են լուրը՝ միաժամանակ առանց անուններ հայտնելու տեղեկացրել են մեկ անձի նկատմամբ քրեական հետապնդման առկայության մասին։ ՔԿ-ից հավելել են, որ խափանման միջոց կիրառվել է բացակայելու արգելքը և պաշտոնավարման կասեցումը:

ՔԿ-ից նաև նշել են, որ քրհետապնդումը հարուցվել է դատական ակտը չկատարելու կամ դրա կատարմանը խոչընդոտելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում։

«Հետքի» աղբյուրները տեղեկացրել են, որ դեպքը կապված է գնման մրցույթ չհայտարարելու՝ դատարանի որոշումը չկատարելու հետ:

ԶԼՄ-ն հիշեցրել է, որ 2023-ին Երևանի քաղաքապետարանի և «Իմպեքս» ՍՊԸ-ի միջև ճանապարհային նշանների տեղադրման պայմանագրերի շուրջ վեճ է առաջացել։ Ընկերությունը դատարանում բողոքարկել է քաղաքապետարանի գործողությունները՝ մասնավորապես 10 տարվա բանկային երաշխիք պահանջը և պայմանագրերի միակողմանի լուծումը։ Չնայած դատարանի կողմից նոր մրցույթ հայտարարելու արգելքին՝ քաղաքապետարանը հայտարարել է նոր մրցույթ, ինչը, ըստ «Հետքի»,  դարձել է քրեական գործի հիմք։ Նշվում է, որ դատարանները «Իմպեքս» ՍՊԸ-ի հայցերով քաղաքապետարանի մի շարք որոշումներ ճանաչել են անվավեր։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։

Leave a Comment