Ռիոյի Օլիմպիական խաղերի և Եվրոպական խաղերի փոխչեմպիոն, հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի նախկին անդամ Միհրան Հարությունյանը հերթական հաղթանակն է գրանցել խառը մենամարտերում (MMA)։
Ինչպես տեղեկացնում է armsport.am-ը, Լոս Անջելեսում կայացած UpNextFighting 30 (UNF 30) մրցաշարի շրջանակում հայ մարտիկն ուժերն է չափել ԱՄՆ-ն ներկայացնող Շեյն Տորեսի հետ։ 66,5 կգ քաշային կարգում անցկացված դիմակայությունը ձգվել է նախատեսված ողջ ժամանակահատվածում և ավարտվել մրցավարների միաձայն որոշմամբ՝ հօգուտ Միհրան Հարությունյանի։
Մենամարտից անմիջապես հետո Հարությունյանը խոստովանել է, որ վերադարձը օկտագոն հեշտ չի եղել, քանի որ տևական ժամանակ դադար էր վերցրել ակտիվ մարզումներից։
«Շատ բարդ մենամարտ էր, մրցակիցս բավականին ուժեղ էր: Ինձ այս հաղթանակը դժվարությամբ տրվեց, քանի որ երկար ժամանակ չէի մենամարտել, չէի մարզվում, փոխարենը մարզում էի երեխաներին: Սակայն որոշեցի վերադառնալ և նորից պայքարել: Շնորհակալ եմ իմ թիմին և մենեջերին՝ այս հնարավորության համար»,- նշել է մարզիկը։
Հաղթանակը Հարությունյանը տոնել է յուրօրինակ կերպով՝ օկտագոն դուրս գալով իր մեկամյա որդու հետ։
36-ամյա Միհրան Հարությունյանի համար սա 9-րդ մենամարտն էր MMA-ում։ Իր կարիերայի ընթացքում նա տոնել է 7 հաղթանակ և կրել 2 պարտություն։
Հարկ է նշել, որ Հարությունյանի նախորդ մենամարտը տեղի էր ունեցել 2024 թվականի մայիսի 24-ին, որտեղ նա տեխնիկական նոկաուտով զիջել էր բրազիլացի Լուկաս Նասիմենտո Նոգեյրային։ Դրանից առաջ՝ 2023թ. օգոստոսին, նա տպավորիչ հաղթանակ էր տարել 40-ամյա ամերիկացի Դավիդ «Տարզան» Դուգլասի նկատմամբ՝ առավելության հասնելով հենց առաջին ռաունդում։
Միհրանի մրցակիցը՝ 33-ամյա Շեյն Տորեսը, փորձառու մարտիկ է, ով այս պարտությունից հետո իր ակտիվում ունի հավասար ցուցանիշ՝ 9 հաղթանակ և 9 պարտություն։