Հունվարի 23-ին Հակակոռուպցիոն դատարան է մուտքագրվել գործ՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու հետևանքով Շենգավիթ համայնքին շուկայական արժեքով 30.420.000 ՀՀ դրամի գույք պատճառված վնասի վերաբերյալ։ Գործը մակագրվել է Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Արամ Գրիգորյանին։ Iravaban.net-ը տեղեկանում է Դատալեքս դատական տեղեկատվական հարթակից։
Մեղադրական եզրակացությունը
Մ․Ս․-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, 1998 թվականից մինչև 2007 թվականը զբաղեցնելով Երևան քաղաքի Շենգավիթ թաղային համայնքի թաղապետի պաշտոնը, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 32- րդ հոդվածով սահմանված կարգով, ի թիվս այլի, լիազորված լինելով համայնքի ավագանու որոշմամբ և սահմանված պայմաններով օգտագործման տրամադրել համայնքի սեփականություն համարվող գույքը, իր իրավասության շրջանակներում ընդունել որոշումներ, կազմել արձանագրություններ և արձակել կարգադրություններ, այսինքն՝ հանդիսանալով տեղական ինքնակառավարման մարմնում մշտապես կազմակերպական-տնօրինչական, վարչատնտեսական գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ, իր ծառայողական պարտականությունների կատարման նկատմամբ անբարեխիղճ և անփույթ վերաբերմունք դրսևորելու հետևանքով ոչ պատշաճ է կատարել դրանք, որի հետևանքով էական վնաս է պատճառվել համայնքի օրինական շահերին։
Մասնավորապես՝ Մ.Ս․-ի կողմից թույլ տրված անփութության արդյունքում համայնքի ղեկավարի տեղակալներ Հ․Հ․-ն ու Ա․Ա․-ը, Է․Ե․-ի օժանդակությամբ և նրա կողմից կեղծ փաստաթուղթ օգտագործելով, անցել են իրենց լիազորությունները և կատարել են այնպիսի գործողություններ, որոնք ակնհայտորեն դուրս են իրենց լիազորությունների շրջանակից, խաթարվել է համայնքի սեփականություն հանդիսացող գույքերի տնօրինման բնականոն գործընթացը, համայնքը ոչ իրավաչափորեն զրկվել է համայնքապետական մանկապարտեզի տարածքն ըստ նպատակային նշանակության օգտագործելու և հանրության շահերին ծառայեցնելու հնարավորությունից, որի արդյունքում առաջացել են ազգուշությամբ ծանր հետևանքներ՝ համայնքը զրկվել է առնվազն 30.420.000 ՀՀ դրամ շուկայական արժեքով գույքից:
Է․Ե․-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, խոչընդոտները վերացնելու եղանակով օժանդակել է Շենգավիթ համայնքի ղեկավարի տեղակալներ Հ․Հ․-ի և Ա․Ա․-ի կողմից պաշտոնական լիազորությունների անցմանն ու նրանց լիազորություններից ակնհայտորեն դուրս եկող գործողությունները կատարմանը, որի հետևանքով էական վնաս է պատճառվել համայնքի օրինական շահերին, այն է՝ խաթարվել է համայնքի սեփականություն հանդիսացող գույքերի տնօրինման բնականոն գործընթացը, համայնքը ոչ իրավաչափորեն զրկվել է համայնքապատկան մանկապարտեզի տարածքն ըստ նպատակային նշանակության օգտագործելու և հանրության շահերին ծառայեցնելու հնարավորությունից, ինչն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ՝ համայնքը զրկվել է առնվազն 30.420.000 ՀՀ դրամ շուկայական արժեքով գույքից, ինչպես նաև օգտագործել է իրավունքը վերապահող բովանդակությամբ ակնհայտ կեղծ փաստաթուղթ:
Կիրառված խափանման միջոցները
Մեղադրյալներին խափանման միջոց կիրառվել է բացակայելու արգելք։
Մ․Ս․-ի նկատմամբ համակցված այլընտրանքային խափանման միջոց է կիրառվել նաև գրավ։
Մ․Ս․-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ երկու հոդվածներով՝ 315-րդ հոդվածի 2-րդ մասով և 456-րդ հոդվածի 2-րդ մասով։
Է․Ե․-ին մեղադրանք է առաջդրբել ՀՀ ՔՕ չորս հոդվածներով՝ 38-309-րդ հոդվածի 3-րդ մասով, 325-րդ հոդվածի 1-ին մասով, 46-441-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով և 457-րդ հոդվածի 1-ին մասով։
Գործի ընթացքը
Գործը հունվարի 23-ին մակագրվել է դատավոր Արամ Գրիգորյանին, իսկ քրեական գործով նախնական դատալսումներով առաջին դատական նիստը նշանակվել է 2026 թվականի փետրվարի 11-ին՝ ժամը 16:30-ին, Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն դատարանում (ք.Երևան, Թբիլիսյան խճուղի 3/9, թիվ 4 դահլիճ)՝ դռնբաց դատական նիստում:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: