Հունվարի 30-ին Հակակոռուպցիոն դատարան գործ է ստացվել քաղաքացու կողմից պարեկային ծառայության աշխատողներին կաշառք տալու վերաբերյալ։ Գործը նույն օրը մակագրվել է Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Վարդգես Ստեփանյանին։ Iravaban.net-ը տեղեկանում է Դատալեքս դատական տեղեկատվական հարթակից։
Դեպքի հանգամանքները
Հ․Պ․-ին, մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2026 թվականի հունվարի 14-ին ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 2-րդ վաշտի պարեկներ Խ․Խ․-ին և Ա․Ա․-ին առաջարկել է տալ կաշառք՝ իր օգտին ապօրինի անգործության համար:
Այսպես.
2026 թվականի հունվարի 14-ին՝ ժամը 23:10-ի սահմաններում, ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 2-րդ վաշտի պարեկ, ոստիկանության ավագ լեյտենանտ Խ․Խ․-ը և նույն վաշտի կրտսեր պարեկ, ոստիկանության սերժանտ Ա․Ա․-ը X կողային համարի պարեկային ավտոմեքենայով ծառայություն Երևան քաղաքի Թամանցիների փողոցում իրականացնելու ընթացքում վերադասավորումն առանց թարթիչը միացնելու ձևով՝ ճանապարհային երթևեկության կանոնների խախտում թույլ տալու համար կանգնեցրել են Հ.Պ.-ի վարած «KIA» մակնիշի X հաշվառման համարանիշի ավտոմեքենան և վարորդի սթափության վիճակը ստուգելու նպատակով կատարել են զննություն, որի արդյունքում պարզվել է, որ Հ.Պ.-ը ավտոմեքենան վարել է ոչ սթափ վիճակում՝ արտաշնչած օդի մեկ լիտր ծավալում 0.580 մգ/լ ալկոհոլի պարունակությամբ:
Այնուհետև, Հ․Պ․-ին պարզաբանվել է, որ տրանսպորտային միջոցը ոչ սթափ վիճակում վարելու համար «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 126-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգով նրա նկատմամբ կազմվելու է մեկ տարի ժամկետով տրանսպորտային միջոցը վարելու իրավունքից զրկելու վերաբերյալ արձանագրություն, իսկ տրանսպորտային միջոցը տեղափոխվելու է տուգանային հրապարակ։
Տեղեկանալով այդ մասին՝ Հ․Պ․-ն իր օգտին ապօրինի անգործության՝ թույլ տված հիշյալ վարչական իրավախախտման համար պատասխանատվության չենթարկելու նպատակով՝ ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 2-րդ վաշտի պարեկ Խ․Խ․-ին և կրտսեր պարեկ Ա․Ա․-ին առաջարկել է տալ նախ 40.000, ապա 150.000 ՀՀ դրամ կաշառք:
Հ․Պ․-ին խափանման միջոց կիրառվել է բացակայելու արգելք։
Հ․Պ․-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 436 հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով։
Կաշառք տալը՝ պաշտոնատար անձին կամ նրա մատնանշած անձին անձամբ կամ միջնորդի միջոցով գույք, ներառյալ դրամական միջոց, որը կատարվել է` իր կամ իր մատնանշած անձի օգտին պաշտոնատար անձի կողմից թողտվության կամ հովանավորչության կամ այլ ապօրինի գործողության կամ անգործության համար։
Նախատեսված պատիժը՝
- կարճաժամկետ ազատազրկում՝ մեկից երկու ամիս ժամկետով,
- կամ ազատազրկում՝ երկուսից հինգ տարի ժամկետով:
Ծանուցում. Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ՀԿԴ/0028/01/26