Փարիզի արևմուտքում կողոպտվել է բարձրաստիճան չինացի պաշտոնյա։ Վնասը կազմել է մի քանի միլիոն եվրո։ Այս մասին հաղորդել է ֆրանսիական TF1-ը։
«Փարիզի 16-րդ շրջանում բնակվող բարձրաստիճան չինացի պաշտոնյան կողոպտվել է ուրբաթ երեկոյան», – ասվում է հաղորդագրության մեջ։
TF1-ը հաղորդում է, որ երկու գողեր վաղ առավոտյան ներխուժել են պաշտոնյայի տուն, թալանել տարածքը և գողացել ժամացույցներ, կրծքազարդեր և մի քանի այլ թանկարժեք իրեր։ Ոստիկանական աղբյուրի տվյալներով՝ վնասը կազմում է 6-ից 7 միլիոն եվրո։
Փարիզի դատախազությունը հայտարարել է, որ հանցագործները հարձակվել են տղամարդու վրա, երբ նա քնած է եղել, հաղորդում է հեռուստաալիքը։ Նա գլխի վնասվածք է ստացել, բայց կյանքին վտանգ չի սպառնում։
Հաղորդագրության մեջ նշվում է, որ կողոպտիչների հեռանալուց հետո տուժողը դիմել է ոստիկանություն, որից հետո տեղափոխվել է հիվանդանոց։
Հատկանշական է, որ փաստաթղթեր չեն գողացվել։ Փարիզի դատախազությունը հետաքննություն է սկսել։