ԵՎՐՈ-2026-ի ֆուտզալի քառորդ եզրափակչում Հայաստանի հավաքականի մրցակիցը ինչպես հայտնի է Խորվաթիայի թիմն է, որը մեծ հարգանքով է մոտենում մեր ընտրանուն հետ խաղին։ Սակայն խորվաթները չեն թաքնում իրենց հավակնությունները և ասում են, որ նպատակը կիսաեզրափակիչն է։
Հայաստան-Խորվաթիա հանդիպումը կկայանա հունվարի 31-ին՝ Կաունասում, և հայկական թիմի համար սա արդեն պատմական ձեռքբերում է՝ առաջին Եվրոպայի առաջնությունը պատմության մեջ և միանգամից փլեյ-օֆֆ դուրս գալը, ընդ որում, խմբից առաջին տեղով։ Խորվաթները A խմբում զբաղեցրել են երկրորդ տեղը, բայց ունեն լուրջ փորձ, այդ թվում՝ ԵՎՐՈ-2012-ի կիսաեզրափակիչը։
Խորվաթիայի հավաքականի գլխավոր մարզիչ Մարինկո Մավրովիչը հետևյալն է նշել մեր հավաքականի և հանդիպման մասին։
«Սա թիմ է, որի բազմաթիվ խաղացողներ հանդես են գալիս ուժեղ ռուսական լիգայում։ Սա լուրջ հավաքական է։ Եթե մրցաշարից առաջ մեզ առաջարկեին քառորդ եզրափակիչ, մենք, իհարկե, կհամաձայնեինք։ Բայց շատ կարևոր է, որ Հայաստանին վերաբերվենք առավելագույն լրջությամբ»։
Այսպիսով, Հայաստանի հետ խաղից առաջ խորվաթական ճամբարում կա վստահություն, բայց նաև զգուշավորություն։