Օքսֆորդում քննարկել են հայկական քրիստոնեության դերը ժամանակակից աշխարհում

Օքսֆորդի համալսարանը քրիստոնեական միասնության աղոթքների շաբաթվա շրջանակներում դարձել է հայկական քրիստոնեության հոգևոր, աստվածաբանական և պատմական ժառանգության քննարկման հարթակ, տեղեկացնում է Հայ Առաքելական եկեղեցու Մեծ Բրիտանիայի թեմը։

Հունվարի 22-ին համալսարանում տեղի է ունեցել էկումենիկ ժամերգություն, ակադեմիական քննարկում և հոգևոր երաժշտության համերգ՝ նվիրված հայոց քրիստոնեության ժառանգությանը: Էկումենիկ պատարագը տեղի է ունեցել Բլեքֆրայրս քոլեջում՝ Դոմինիկյան համայնքի վանահայր Հայր Դոմինիկ Ուայթի ղեկավարությամբ և միավորել է տարբեր քրիստոնեական ավանդույթների ներկայացուցիչների, աստվածաբանների և ուսանողների:

Աղոթքից հետո «Հայոց քրիստոնեությունը և դրա նշանակությունը ժամանակակից եկեղեցու համար» թեմայով դասախոսությամբ հանդես է եկել Տ. Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանը: Իր ելույթում նա ներկայացրել է հայկական քրիստոնեական փորձը որպես աստվածաբանական վկայություն, որը ձևավորվել է կայունության, այլ ոչ թե իշխանության միջոցով՝ հիշեցնելով, որ Հայաստանն աշխարհում առաջինն է ընդունել քրիստոնեությունը որպես պետական կրոն 301 թվականին: Նրա խոսքով՝ քրիստոնեությունը դարձել է հայ ժողովրդի մշակույթի, կրթության և հասարակական կյանքի հիմքը:

Եպիսկոպոսը նշել է, որ Հայ եկեղեցին զարգացել է մշտական սպառնալիքների և քաղաքական պաշտպանության բացակայության պայմաններում՝ պահպանելով հոգևոր կայունությունը: Նա նաև ընդգծել է, որ նահատակության գաղափարը կենտրոնական տեղ է զբաղեցնում հայ քրիստոնեական ինքնության մեջ՝ վաղ քրիստոնեական սրբերից մինչև Հայոց ցեղասպանության իրադարձությունները: 2015 թվականին Հայ եկեղեցին սրբադասել է Ցեղասպանության բոլոր զոհերին որպես հավատքի կրողներ, ինչը, ըստ նրա, աստվածաբանական, այլ ոչ թե քաղաքական քայլ էր:

Երեկոն եզրափակվել է հայ հոգևոր երաժշտության համերգով՝ սոպրանո Հասմիկ Հարությունյանի և հայ կատարողների մասնակցությամբ: Ծրագրում հնչել են Հայ Առաքելական եկեղեցու սուրբ պատարագի երգեր և միջնադարյան հոգևոր երաժշտություն: Նույն օրը Պեմբրոկ քոլեջում տեղի է ունեցել ակադեմիական քննարկում՝ նվիրված Հայ եկեղեցու պատմությանը, նրա աստվածաբանական ավանդույթին և էկումենիկ երկխոսությանը մասնակցությանը: Քննարկմանը մասնակցում էին բրիտանացի և միջազգային հետազոտողներ, ինչպես նաև եպիսկոպոս Մանուկյանը, ով պատասխանել է լլսարանի հարցերին:

Leave a Comment