Այսօր Արցախի հերոս, «Ոսկե արծիվ» շքանշանի ասպետ Պետրոս Ղևոնդյանի (Պետոյի) ծննդյան օրն է

Ծնվել է 1964 թվականի հունվարի 30-ին, ՀԽՍՀ Նաիրիի շրջանի Պռոշյան գյուղում։ Եղել է Շուշի առանձնակի գումարտակի հրամանատարի տեղակալը, Պռոշյանի կամավորական ջոկատի փոխհրամանատարը։ 1990-1994 թթ. մասնակցել է Հայաստանի սահմանամերձ շրջանների ու ԼՂՀ ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։ 1990 թվականից Պռոշյանի կամավորական ջոկատի հրամանատարի տեղակալ, Շուշիի առանձնակի գումարտակի փոխհրամանատար մասնակցել է Տավուշի, Նոյեմբերյանի, Զանգեզուրի, ԼՂՀ Շահումյանի, Ասկերանի, Մարտակերտի, Մարտունու, Հադրութի շրջանների ինքնապաշտպանական և Աղդամի, Ֆիզուլու, Կուբաթլուի, Ջաբրայիլի, Քարվաճառի շրջանների ու Գետաշենի ենթաշրջանի ազատագրական մարտերին: 

1992թ. նոյեմբերի 1-ին կազմավորվեց Շուշիի առանձնակի գումարտակը: Պետոն նշանակվեց նրա փոխհրամանատար: 1993թ. հունվարին Սրխավենդում նա ԻԳԼԱ-ով խփեց թշնամու գերձայնային «Միգ-25» ինքնաթիռը, ինչի համար Արցախի բանակից ստացած գումարը փոխանցեց զոհված ընկերների ընտանիքներին: 

Որ ճակատում էլ եղավ Պետոն, որ մարտին էլ որ մասնակցեց, մշտապես մնաց նույն հոգատար ընկերն ու հրամանատարը, համեստ ու լռակյաց զինվոր:

Պետոն, լինելով Շուշիի առանձնակի գումարտակի փոխհրամանատար, մշակել և առանց զոհ տալու իրականացրել է Օմարի լեռնանցքի գրավման դժվարին ծրագիրը:

1994 թ. հունվարին Պետոն փոքր խմբով անցնում է Քարվաճառ` Օմարի լեռնանցք` տեղի պաշտպանական ջոկատներին օգնելու նպատակով: Նա մշակում և իր գումարտակով իրականացնում է լեռնանցքի ազատագրման ծրագիրը:

 Զոհվել է 1994 թ. փետրվարի 14-ին Քարվաճառում: Այդ օրը մարտի դաշտում վիրավոր զինվոր էր միայնակ մնացել: Շտապօգնության մեքենայի անձնակազմը չէր համարձակվում առաջ շարժվել, քանի որ թշնամին ականապատել էր ճանապարհը: Պետոն ինքն է նստում շտապօգնության մեքենայի ղեկին և միայնակ դուրս բերում վիրավոր զինվորին: Նա զոհվում է ականի պայթյունից: 

1996թ. Պետոյին հետմահու շնորհվել է ԼՂՀ ՊԲ մայորի կոչում: 2001 թ. Պետրոս Ղևոնդյանին շնորհվել է Արցախի հերոսի կոչում: Պարգևատրվել է «Մարտական խաչ» 1-ին աստիճանի և «Ոսկե արծիվ» շքանշաններով: 

«…Եթե հայ զինվորը հոժորակամ ու գիտակցաբար է զինվորագրվում Արցախյան դատին, ապա իրավունք չունի տրտնջալու դժվարություններից և պարտավոր է, ինչպես ընդունված է կանոնավոր բանակում, կատարել հրամանատարության բոլոր պահանջներն ու հրամանները…

Պատերազմը սոսկ Ղարաբաղյան լինել չի կարող, այն պատկանում է ողջ հայ ժողովրդին, և այդ ճշմարտությունը պիտի դառնա մեր առաջնորդն ու ոգեկոչողը…»

ՊԵՏՈ

Leave a Comment