Երեկ՝ հունվարի 29-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, անդրադառնալով 2026 թվականի հունիսին տեղի ունենալիք խորհրդարանական ընտրություններին, նշեց, որ ընդդիմադիր ուժերի միավորման հնարավորություն կա։
Քոչարյանի խոսքով՝ նախորդ ընտրություններին մասնակցած 25 ուժերի փոխարեն, այս ընտրություններին կարող են մասնակցել 7-8 ուժ։
«Ունեմ ինֆորմացիա, որ իրար հետ բանակցում են։ Որոշ տեղ հաջող, որոշ տեղ ոչ, բայց իմ տպավորությունն այնպիսին է, որ պատկերը շատ ավելի բարենպաստ է լինելու ընդիմության համար այս ընտրությունների ժամանակ»,- ասաց Քոչարյանը։
Ռոբերտ Քոչարյանը նաև նշեց, որ նպատակ ունեն պահպանել «Հայաստան» դաշինքը։ Իսկ թե ով կգլխավորի դաշինքի նախընտրական ցուցակը՝ պետք է որոշվի սոցիոլոգիական հարցումների արդյունքում։
«Այսօր այն սոցիոլոգիական ուսումնասիրությունները, որոնք այլ լրատվամիջոցներում կան, ցույց են տալիս, որ դեռ ես եմ ավելի մեծ հավանական թեկնածուն, որը կգլխավորի ցուցակը»,- նշեց երկրորդ նախագահը։
Քոչարյանը հավելեց, որ դաշինքի նախընտրական ցուցակում նոր անուններ ևս լինելու են։
Հիշենցնենք, որ 2021 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրություններին «Հայաստան» դաշինքի կազմում մասնակցած «Հայ Հեղափոխական դաշնակցությունը» ևս հայտարարել է գործող դաշինքը պահպանելու մտադրության մասին։
Հունվարի 13-ին, հրավիրած մամուլի ասուլիսի ընթացքում «Հայ հեղափոխական դաշնակցություն» կուսակցության անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը հայտարարել էր, որ կուսակցության գերագույն ժողովում որոշում է կայացվել մասնակցել 2026-ի խորհրդարանական ընտրություններին։
Լուսանկարը՝ Ռոբերտ Քոչարյանի ֆեյսբուքյան էջից
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter