ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի տեղակալ Արմեն Ասատրյանը հակակոռուպցիոն կրթության շրջանակներում հունվարի 29-ին հերթական հանդիպումն է ունեցել Երևանի մի շարք դպրոցների աշակերտների հետ: Կոմիտեի նախագահի տեղակալը նրանց ներկայացրել է կառույցի աշխատանքն ու հիմնական գործառույթները, զրուցել կոռուպցիայի և դրա դեմ պայքարի վերաբերյալ իրազեկվածության բարձրացման, հակակոռուպցիոն մտածողության զարգացումը խթանելու և պատասխանատու հասարակության արժեքներ ձևավորելու կարևորության մասին։
Արմեն Ասատրյանն անդրադարձել է նաև անձնական պատասխանատվության և օրինապահ վարքագծի կարևորությանը՝ ընդգծելով, որ յուրաքանչյուրի գիտակցված և պատասխանատու քայլը կարևոր դեր ունի արդար ու կոռուպցիայից զերծ հասարակություն ձևավորելու գործում։ Ըստ Կոմիտեի նախագահի տեղակալի՝ կոռուպցիայի ամենամեծ վտանգներից մեկն այն է, որ դա կարող է սովորական, ընդունելի երևույթ դառնալ, եթե մարդիկ հաշտվեն դրա հետ ու լռեն։ Նրա խոսքով՝ լռությունը նույնպես ընտրություն է, և այդ լռությունն աշխատում է անարդարության օգտին։
Արմեն Ասատրյանը վերահաստատել է այն համոզմունքը, որ կոռուպցիայի կանխարգելումն ու դրա դեմ պայքարը պետք է սկսվի հենց կրթական միջավայրից՝ երիտասարդների շրջանում ձևավորելով ազնվության, արդար մրցակցության և հանրային շահի գիտակցման արժեքներ։
Հանդիպումն ամփոփվել է հարցուպատասխանի ձևաչափով, որի ընթացքում մասնակիցները հնարավորություն են ունեցել բարձրաձայնել իրենց հետաքրքրող հարցերը: Ներկայացվել են նաև կոնկրետ օրինակներ և գործնական իրավիճակներ, որոնք նպաստել են ինտերակտիվ քննարկմանը։