Նիպահ վիրուս․ ինչ պետք է իմանան Հայաստանի քաղաքացիները • Tribune.am

Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը տեղեկացնում է Նիպահ վիրուսով հարուցված հիվանդության մասին։

Նիպահը նոր ի հայտ եկող զոոնոզ վարակ է, որը տարածվում է կենդանիներից մարդուն։ Վարակի հիմնական աղբյուրներն են մրգակեր չղջիկները և խոզերը։

Մարդը կարող է վարակվել՝

  • չղջիկների թքով կամ մեզով աղտոտված մրգեր օգտագործելիս,
  • թերի ջերմային մշակում անցած արմավենու հյութ օգտագործելիս,
  • վարակված կենդանիների, մասնավորապես խոզերի խնամքի ընթացքում,
  • կենդանական ծագման հումքի հետ շփման դեպքում։

Հնարավոր է նաև վիրուսի փոխանցում մարդուց մարդուն՝ հիվանդի հետ սերտ շփման արդյունքում։

Վերջին տարիներին հիվանդության բռնկումներ արձանագրվել են Մալազիայում, Բանգլադեշում և Հնդկաստանում։ Բարձր ռիսկային երկրներ են համարվում նաև Քամբոջան, Գանան, Ինդոնեզիան, Մադագասկարը, Ֆիլիպինները և Թայլանդը։

Հիվանդության գաղտնի շրջանը սովորաբար տևում է 4-ից 14 օր։ Այն կարող է ընթանալ տարբեր կլինիկական ձևերով՝ անախտանիշից մինչև սուր շնչառական ախտանշաններ, էնցեֆալիտ և տարբեր նյարդաբանական խանգարումներ։

Վարակումից խուսափելու նպատակով մասնագետները խորհուրդ են տալիս՝

  • օգտագործելուց առաջ մանրակրկիտ լվանալ մրգերը,
  • չօգտագործել թերի ջերմային մշակում անցած արմավենու հյութ,
  • օգտագործել միայն լիարժեք ջերմային մշակում անցած կենդանական ծագման սննդամթերք,
  • խուսափել հիվանդ անձանց հետ սերտ շփումից,
  • պահպանել անձնական հիգիենայի կանոնները,
  • կենդանիների խնամքի ժամանակ կիրառել անձնական պաշտպանիչ միջոցներ։

Նշվում է, որ հաշվի առնելով՝ Հայաստանի տարածքում մրգակեր չղջիկների գրեթե բացակայությունը, Նիպահ վիրուսի տարածման համաճարակաբանական ռիսկը ՀՀ-ում գնահատվում է ցածր։

Աղբյուր՝ ԱՀԿ

Leave a Comment