ՀՀ ԱԳՆ-ն հաստատել է Եվրոպական խաղաղության հիմնադրամի կողմից ՀՀ-ին աջակցություն հատկացնելը

ՀՀ արտաքին գործերի նախարարությունը հաստատել է Եվրոպական խաղաղության հիմնադրամի կողմից Երևանին աջակցության 2-րդ փաթեթի հատկացումը։

ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Բադալյանը Հանրային հեռուստաընկերությանը հայտնել է, որ դեկտեմբերին ձեռք էր բերվել քաղաքական համաձայնություն, կոնսենսուս Եվրոպական խաղաղության հիմնադրամի ներքո Հայաստանին աջակցության երկրորդ մասի տրամադրման վերաբերյալ։

Նա նշել է, որ հունվարի 29-ին այդ համաձայնությունը ֆորմալ արձանագրվել է ԵՄ խորհրդի կողմից՝ կառույցի անդամ երկրների արտաքին գործերի նախարարների հանդիպմանն ընդունված որոշմամբ:

Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնել էին, որ ԵՄ անդամ պետությունները հաստատել են Եվրոպական խաղաղության հիմնադրամից Հայաստանին 20 մլն եվրոյի օգնություն տրամադրելը։ Երևանն օգնության հայտ էր ներկայացրել 2025 թվականին, սակայն Հունգարիան այն արգելափակել էր։ Եվրոպական խաղաղության հիմնադրամը 2024 թվականի հուլիսին 10 մլն եվրո էր հատկացրել՝ Հայաստանի զինված ուժերի լոգիստիկ կարողությունները հզորացնելու և ճգնաժամային ու արտակարգ իրավիճակներում քաղաքացիական բնակչության պաշտպանության բարելավմանը նպաստելու համար։

Leave a Comment