Ջերմոցային գազերի արտանետումների կրճատումից մինչև «կանաչ» էներգիա․ ԵՄ ծրագրին միացել է հայաստանյան 30 համայնք

ԵՄ-ի կողմից հիմնադրված՝ «Քաղաքապետերի դաշնագիր հանուն կլիմայի և էներգիայի՝ Արևելյան գործընկերություն» ծրագիրը շարունակում է գործունեությունը Հայաստանում՝ ի նպաստ կլիմայական արդյունավետ քաղաքականության մշակման և իրականացման։

Հայաստանում Դաշնագրին անդամակցում է 30 համայնք։ Դրանցից 7-ն արդեն իսկ մշակել է էներգետիկ և կլիմայական ռազմավարություններ, 11-ը մշակման գործընթացում է։

Սպասվում է, որ 2027 թվականին նման ռազմավարություններ կունենա Դաշնագրին անդամակցող համայնքների 75 տոկոսը։  Համայնքները պարտավորվում են որոշակի ժամկետում իրենց տարածքում նվազեցնել ջերմոցային գազերի արտանետումները առնվազն 30 տոկոսով։

«Ակնկալվում է, որ դա հիմնականում տեղի կունենա էներգաարդյունավետության բարձրացման և վերականգնվող էներգետիկ ռեսուրսների օգտագործման միջոցով»,-լրագրողների հետ հանդիպմանը մանրամասնել է ծրագրի ազգային փորձագետ Արտեմ Խարազյանը։

Խարազյանի խոսքով՝ երկարաժամկետ ռազմավարությունը հետապնդում է 3 հիմնական նպատակ՝ ջերմոցային գազերի արտանետումների նվազեցում, հարմարվողականություն կլիմայի փոփոխությանը և էներգետիկ աղքատության հաղթահարում։

Տեղական ինքնակառավարման մարմիններին տրամադրվում է անհրաժեշտ խորհրդատվություն, աջակցություն կլիմայական ռազմավարությունների մշակման գործում, ինչպես նաև կարողությունների զարգացում և այլ։

Հարցին, թե որ համայնքներում է ավելի բարձր արտանետումների մակարդակը, փորձագետը պատասխանեց․

«Դա ուղղակիորեն կախված է համայնքի  մեծությունից։ Այստեղ կարևոր հանգամանքն այն է, որ հիմնականում համայնքներն իրենց գույքագրման շրջանակներում արդյունաբերական, ծառայությունների սեկտորը, գյուղատնտեսությունը չեն վերցնում, ներառում են միայն այն ոլորտները, որտեղ քիչ թե շատ ազդեցություն ունեն։ Դրանով բացատրվում է, որ բնակչությունը, որպես կանոն, ամենահիմնական արտանետողն է, դրանից էլ կախված է քաղաքի կողմից արտանետման ծավալը։ Եթե արդյունաբերական սեկտորը հաշվի առնվեր, իհարկե, այս հարաբերակցությունն ուրիշ կլիներ»։

«Քաղաքապետերի դաշնագիր՝ հանուն կլիմայի և էներգիայի» նախաձեռնությունը եվրոպական հիմնական կամավոր շարժումն է, որը տեղական իշխանություններին ներգրավում է էներգետիկ և կլիմայական քաղաքականության մշակման գործընթացում։ Ծրագիրը միավորում է ընդհանուր 1200 համայնք։ Այն, թե ինչպես է գնահատվում ծրագրի արդյունավետությունը, ներկայացրել է ծրագրի աշխատանքային խմբի ղեկավար Քրիստոֆ Ֆերինգը․

«Հիմնականում ծրագրի արդյունավետությունը գնահատում ենք անդամակցողների քանակով։ Նույն գործառույթը կիրառվում է նաև Եվրոպայում։ Նաև դիտարկում ենք, թե այդ համայնքներում որքան ծրագրեր են իրականացվել էներգաարդյունավետության և կլիմայական առումով»։

Հայաստանում նախաձեռնությունն իրականացվում է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների համակարգման
ներքո և 3 աջակից կազմակերպությունների օգնությամբ.
Հայաստանի համայնքների միություն,
Էներգախնայողության աջակցման հիմնադրամ,
Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամ։

 

Leave a Comment