«Ռեալի» գլխավոր մարզիչ Ալվարո Արբելոան ամփոփել է Չեմպիոնների լիգայի լիգայի փուլի 8-րդ տուրում Լիսաբոնի «Բենֆիկայից» կրած պարտությունը։
«Ակնհայտ է, որ այսօր մենք հեռու էինք այն մակարդակից, որը ցանկանում էինք տեսնել՝ հաշվի առնելով խաղի բարդությունը, մրցակցի պահանջկոտությունը և մարզադաշտի մթնոլորտը։ Կարծում եմ՝ չկարողացանք 90 րոպե շարունակ պահել անհրաժեշտ տեմպը։
Սա առաջին դեպքը չէ, երբ մրցակցի դարպասապահը գրավում է իմ թիմի դարպասը։ Հասկանալի է, որ նրանք պետք է ռիսկի դիմեին։ Մենք խաղում էինք երկու ֆուտբոլիստ պակաս կազմով, և մեզ նույնպես գոլ էր անհրաժեշտ՝ լավագույն ութնյակում հայտնվելու համար։ Նրանք ռիսկի դիմեցին, մենք՝ նույնպես, և ի վերջո նրանք հաղթեցին»,-նշել է «Ռեալի» մարզիչը։
Արբելոան խոսել է նաև Ժոզե Մոուրինյուի և իր պատասխանատվության մասին։
«Ինձ բոլորովին չզարմացրեց «Բենֆիկայի» խաղը։ Ես դեռ երեկ էի ասել, որ պահանջները շատ բարձր են լինելու։ Ես լիովին գիտակցում էի մրցակցի մակարդակը և թե ինչ մարզիչ է կանգնած լինելու մեր դիմաց։ Ես զգուշացրել էի խաղացողներին, բայց, ակնհայտորեն, չկարողացա նրանց փոխանցել այն, ինչ ուզում էի տեսնել դաշտում։ Պատասխանատվությունը բացառապես և ամբողջությամբ իմն է։ Իսկ մնացածը՝ իմ և Ժոզեի միջև է։
Ես, ինչպես «Ալբասետեի» դեմ խաղից հետո, այնպես էլ հիմա կրկնում եմ՝ պարտության մեղավորը ես եմ։ Բայց մենք դուրս չենք մնացել Չեմպիոնների լիգայից։ Առջևում երկու հանդիպում կա փլեյ-օֆֆում, և մենք պայքարելու ենք հաջորդ փուլ դուրս գալու համար»,-եզրափակել է Արբելոան։