ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և «Հայաստան» դաշինքի ղեկավար, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը այսօր հեռակա բանավեճ են ունեցել ներքին և արտաքին քաղաքականությանն առնչվող հարցերի շուրջ։ Լրագրողների հետ նրանց երկուսի շփման ժամանակը համընկել էր այսօր և ասուլիս էին տալիս գրեթե զուգահեռ։
Քոչարյանը հայտարարել է, որ 2026-ի ընտրություններին ընդդիմությունը լինելու է ավելի շահեկան վիճակում 2021–ի համեմատ։ Նա հավանական է համարել մեծ դաշինքներ կազմելու տարբերակը։ Ընդդիմության բոլոր քննադատություններին և իշխանափոխության տարբեր սցենարներին ի պատասխան՝ Նիկոլ Փաշինյանը հորդորել է հեղափոխություն անել, եթե կարող են։ Վարչապետը իր հերթին թվարկել է, թե ընդդիմության դժգոհություններին զուգահեռ իրականում ինչ փոփոխություններ է արել Հայաստանի կառավարությունը։
Ներքաղաքական դաշտում Հայաստանի ընդդիմությունը ջանքեր է գործադրում, որպեսզի 2026–ին չկրկնի 2021–ի պատկերը։ Ընդդիմադիր դաշտում տեղի ունեցող առայժմ ստվերային բանակցություններին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանգիստ է վերաբերվում, անգամ այն լուրերի ֆոնին, որ ընդդիմադիրները իշխանափոխության երկու հավանական սցենար են մշակում՝ կամ կիրառել Գյումրու սցենարը կամ ընտրությունների գնալ խոշորացված դաշինքներով։
Այս ամենին վարչապետը պարզապես պատասխանում է․ «Թող քննարկեն»։
Ընդդիմադիր դաշտում այս պահին առկա խմորումները դրական սպասումներ են ձևավորել «Հայաստան» դաշինքի ղեկավար, Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մոտ։ Նրա կարծիքով՝ 2021-ի ընտրություններին մասնակցող 25 քաղաքական ուժի փոխարեն 2026-ին ընդդիմադիր դաշտը հնարավորություն ունի ներկայանալու 8-ից 10 խոշոր միավորներով։ Քոչարյանի տեղեկություններով՝ այդ բանակցություններն ընթացքի մեջ են։
«Կա բավական լուրջ դաշտ համագործակցության համար, նաև թեզերի սինխրոնիզացման։ Իսկապես, սա բացառիկ իրավիճակ է, և սա ևս մի հանգամանք է, որը հնարավորություն է տալիս և ավելի մեծ լավատեսություն է հաղորդում այն հանգամանքին, որ հնարավոր է ձևավորել խոշոր նախընտրական բլոկներ, քանի որ ֆունդամենտալ հարցերի շուրջ իսկապես մոտեցումները նույնանման են»։
Ֆունդամենտալ հարցերն, ըստ ընդդիմության, մի քանիսն են․ Հայաստանի արտաքին քաղաքականությունը, հարցականի տակ դրված հայկական ինքնությունը և իշխանություն–եկեղեցի հակադրությունը։ Քոչարյանի հետ հեռակա բանավեճում Փաշինյանն արձագանքեց բարձրաձայնվող հարցերի խմբին․
«Կարծում եմ` պարոն Քոչարյանի գիտելիքները և իմացությունը տարածաշրջանի և միջազգային իրադրության մասին հուսահատ կերպով հնացած են։ 2025 թվականին առաջին անգամ հասցրել ենք այն վիճակի, որ ՀՀ-ն ի վերջո վայելում է խաղաղություն և անկախություն։ Իսկ այդպիսի հարց Արարա՞տ, թե՞ Արագած․ այդ հարցը հետևյալի մասին է` պետությո՞ւն, թե՞ չպետություն։ ՀՀ միջազգայինորեն ճանաչված տարածքում կա Արարատ և դա Արարատ խոշորացված համայնքն է և Արարատի մարզն է, բայց Արարատ սար ՀՀ–ում չկա։ Եթե դուք դա չեք նկատել և մենք չենք նկատել, դա ընդամենը մի բանի մասին է վկայում, որ պետություն և չպետություն հասկացությունների միջև դեռ մինչև բոլորովին վերջերս սահմանազատում իրականացված չի եղել, և մենք այդ սահմանազատումը իրականացրել ենք, որովհետև մենք պետություն ենք։ Չկա եկեղեցի-պետություն հակամարտություն, կա եկեղեցում իշխանությունը ուզուրպացրած անձ, որը ոչ մի պայմանով չի կարող լինել այդ պաշտոնում»։
Պետության կառավարմանը վերաբերող այլ պատկերացումներով է առաջնորդվում Ռոբերտ Քոչարյանը։ Ասուլիսի համար նա ընտրել էր հենց Արարատ լեռան և եկեղեցու պատկերը, որ դրվել էր թիկունքում՝ որպես հստակ ուղերձ։ Նա ասում է, որ չպետք է բավարարվեն 29 800 քառակուսի կիլոմետրով, բայց ճշտում է՝ ուրիշի հողերի վրա աչք չունի։ Նրա պատկերացմամբ՝ փոքր պետությունը ուժեղացնելու համար անհրաժեշտ է օգտագործել Սփյուռքի ներուժն ու եկեղեցու՝ որպես ցանցային կառույցի հնարավորությունները։ Ակնհայտ է, որ այս թեմաներն են քաղաքական ուժերը օգտագործելու նախընտրական քարոզարշավի ժամանակ։ Խոսում են նաև «վերադարձի իրավունքի» և գործող իշխանության սխալների մասին՝ «Ղարաբաղը մերն էր, այլևս մերը չէ» տրամաբանության մեջ։
Այս ամենին Փաշինյանը պատասխանում է․ «Ես էլ եմ ունեցել այդ խոսույթը, դա աշխարհաքաղաքական թակարդում գտնվողի խոսույթ է։ Ճշմարտությունն այն է, որ Հայաստանի Հանրապետությունը մերը չէր և այլևս մերն է։ Այդ թեման, ես կարծում եմ՝ մենք մեկընդմիշտ պետք է փակենք, որովհետև Հայաստանը և Ադրբեջանը պայմանավորվել են Ալմա Աթայի հռչակագրի հիման վրա ճանաչել միմյանց տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը, և այդ թեման ինձ համար փակված է։ Հայաստանի ժողովրդին շատ ուղիղ, հրապարակային ասել եմ, որ կարծում եմ` Ղարաբաղի շարժումը պետք է չշարունակվի, և ես որպես վարչապետ որդեգրում եմ այդ գիծը և տանելու եմ այդ գիծը, և եթե քաղաքացիները անհամաձայնություն ունեն այդ քաղաքականության հետ, ես կոչ եմ անում, որ նրանք հեղափոխություն անեն։ Ժողովուրդը հեղափոխություն չի արել, մենք այդ քաղաքականությունը շարունակում ենք։ Հետևաբար դա մի խոսույթ է, որը օգտագործվել է, այո՛, մեզ հայրենասիրության որոշակի մոդել պարտադրելու և դրանով մեր պետականության կայացումը և մեր անկախության զարգացումը խոչընդոտելու ուղղությամբ»։
Վերադառնալով նախընտրական մթնոլորտին․ «Հայաստան» դաշինքում թեև որոշում կայացված չէ, Քոչարյանը հավանական է համարում, որ կնախընտրեն ընտրություններին մասնակցել նույն ձևաչափով։ Դաշինքի առաջնորդի հարցը, ասում է՝ կորոշեն ավելի ուշ՝ փետրվարի սկզբին, երբ պարզ դառնա, թե մասնագիտացված սոցհարցման արդյունքներով ո՞ր գործիչը իրենց շարքերում ամենամեծ վարկանիշն ունի ու ամենաշատ ձայները կարող է բերել։ Չնայած այդ տարբերակին, Քոչարյանն ունի ներքին համոզմունք, որ իրենից լավ ոչ ոք չի կարող երկիրը դուրս բերել իրենց համար անընդունելի իրավիճակից։
Ընդդիմադիր դաշտում հնարավոր միավորումները Քոչարյանը դիտարկում է անցողիկ շեմի խնդիր ունեցող կուսակցությունների համար։ Իսկ եթե գործը արդեն հասնի խորհրդարանում կոալիցիա կազմելուն, ապա այդտեղ արդեն ամբիցիաները պետք է դրվեն մի կողմ։ Որոշակի պայմաններում Քոչարյանը նույնպես պատրաստ է հրաժարվել վարչապետ դառնալու հավակնություններից․
«Խորհրդարանում առաջինը, կարծում եմ՝ յուրաքանչյուր ընդդիմադիր ընտրությունների մասնակցող ուժ պետք է միանշանակ հայտարարի, որ որևէ համագործակցություն բացառում է ՔՊ–ի հետ։ Դրանից հետո, եթե մի քաղաքական ուժ բավարար ձայներ հավաքի, միայնակ կառավարությունը ձևավորելու, դա իր իրավունքն է։ Ինչ վերաբերում է, թե հետո ո՞վ կլինի վարչապետ, ո՞վ չի լինի, կա շատ պարզ տարբերակ․ ով ավելի մեծ տոկոս է հավաքում, նրա առաջնային իրավունքն է վարչապետ առաջարկելու։ Եթե մեր քաղաքական ուժը այդ առաջին տեղը չլինի, իհարկե, ես որևէ հավակնություն չեմ ունենալու։ Ես ինձ չեմ տեսնում՝ գնամ կառավարությունում նախարար աշխատեմ։
Պարզ է` ես նաև ինձ չեմ տեսնում, որ մանդատը վերցնեմ, գնամ պատգամավոր դառնամ։ Եթե, այնուամենայնիվ, թեկնածուի պատճառով չեն կարողանում կոնսենսուսի գալ ընդդիմադիր դաշտում, կա երկու տարբերակ` կա՛մ երկրորդ փուլ, կա՛մ էլ այդ քաղաքական ուժը ասում է` օքեյ, ես պատրաստ եմ կոմպրոմիսի, մտածենք այլ վարչապետի թեկնածության մասին։ Իմ կարծիքով ավելի ճիշտ է չմտնել երկրորդ փուլի մեջ»։
Նախընտրական շրջանի մեկնարկից առաջ ընդդիմադիր դաշտին սկսել է անհանգստացնել նաև իշխանության մտադրությունը՝ խոշորացված համայնքները նորից խոշորացնելու ծրագրի մասով։ Համապատասխան նախագիծն արդեն կա և կարգավորումները վերաբերում են 9 համայնքի և շուրջ 80 բնակավայրի։ «Ռադիոլուրը», բարձրաձայնելով ընդդիմադիրների մտահոգությունը, վարչապետից ճշտեց՝ արդյո՞ք այդ ծրագրի ենթատեքստում ընկած է ընտրությունների ժամանակ համայնքներն ավելի կառավարելի դարձնելու միտումը։
«Քաղաքական ենթատեքստն այն է, որ վաղուց որոշում է կայացվել, և փորձը ցույց է տվել, որ խոշորացված համայնքներում հնարավորությունները ավելի մեծ են, և մենք կարող ենք գնալ խոշորացված համայնքները, տեսնել այնտեղ իրականացվող ծրագրերը և չխոշորացված համայնքները, տեսնել այնտեղ իրականացված ծրագրերը։ Կամ, որ ասում են` վերահսկելի դարձնել, այդ ո՞ր երկրի մասին է, ե՞րբ եք տեսել 2018 թ.–ից հետո Հայաստանի Հանրապետության կառավարության կամ քաղաքական մեծամասնության կողմից որևէ ընտրություն վերահսկելի դարձնելուն ուղղված ընդհանրապես որևէ փորձ։ Այ, այդպիսի ինչ-որ հեքիաթներ են ստեղծում, հետո ասում են` վայ, երկիրը ո՞նց հասցրիք այս վիճակի»։
Վարչապետ Փաշինյանի համոզմամբ՝ 2026-ի ընտրություններից առաջ Հայաստանը ամենալավ վիճակում է, երբ պետության համար հեռանկարներ են բացվում հարյուրամյակների կտրվածքով։