ՔԿ-ն վարույթ է հարուցել Մասյացոտնի թեմի նախկին առաջնորդի պարտականությունների կատարմանը չխոչընդոտելու ակտը չկատարելու փաստով

Քննչական կոմիտեն կարգալույծ եպիսկոպոս, Մասյացոտնի թեմի նախկին առաջնորդ Արման Սարոյանի (օծյալ անունը՝ Գևորգ-խմբ.) մասով դատական ակտը չկատարելու և կարգալույծ հայտարարելու հիմքով քրեական վարույթ է նախաձեռնել, տեղեկանում ենք ՔԿ հաղորդագրությունից։

Ամենայն Հայոց կաթողիկոսը Գարեգին Բ-ն հունվարի 10-ին Սարոյանին ազատել էր պաշտոնից։ Փաշինյանը հայտարարել էր, որ չի ճանաչում այդ որոշումը, իսկ Սարոյանը հայց էր ներկայացրել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դեմ՝ պահանջելով վերականգնել թեմի առաջնորդի պաշտոնը։ Հունվարի 16-ին դատարանը Սարոյանին վերականգնել էր Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնում մինչև վերջնական դատական ակտը, իսկ հունվարի 27-ին կաթողիկոսը նրան կարգալույծ էր հռչակել։

Ըստ ՔԿ հաղորդագրության՝ դատարանը միաժամանակ արգելել է որևէ գործողություն, որը կարող էր խոչընդոտել Սարոյանի լիազորությունների իրականացմանը, այդ թվում՝ թեմի ֆինանսական միջոցների տնօրինմանը։

Կոմիտեից նշել են, որ դատարանի որոշման հիման վրա հարուցվել է կատարողական վարույթ, և այն հունվարի 19-ին պաշտոնապես հանձնվել է Մայր Աթոռին։ ՔԿ-ից հավելել են, որ չնայած գործող դատական ակտին, հունվարի 27-ին Գերագույն հոգևոր խորհուրդը հայրապետական տնօրինությամբ Սարոյանին հայտարարել է կարգալույծ։

Կոմիտեն, նկատի ունենալով, որ կատարողական վարույթի շրջանակներում փաստվում են եկեղեցու ծառայողների կողմից օրինական ուժի մեջ մտած դատական ակտը չկատարելու և այն չկատարելուն դրդելու առերևույթ հանցագործության դեպքեր, այսօր նախաձեռնել է քրեական վարույթ՝ դատական ակտը չկատարելու կամ դրա կատարմանը խոչընդոտելու (իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով) համար, որով իրականացվում են վարութային և ապացուցողական գործողություններ:

Leave a Comment