Աշխարհում արագ տեմպերով զարգանում է կանաչ էներգետիկան։ Դա իրականացվում է տարբեր ծրագրերով։ Դրանցից մեկը Արևելյան գործընկերության «Քաղաքապետների դաշնագիր՝ հանուն կլիմայի և էներգիայի» ծրագիրն է, որին միացել է նաև Հայաստանը։ Դաշնագրին անդամակցող ՏԻՄ-երը կամավոր հանձնառություն են ստանձնում տեղական մակարդակով մշակելու և իրականացնելու գործողություններ, որոնք կնպաստեն կլիմայական մարտահրավերների հաղթահարմանը և համայնքների կայուն զարգացմանը։ Համայնքները պարտավորվում են մինչև 2030թ-ը նվազեցնել ջերմոցային գազերի արտանետումները։
Մասնագետներն արձանագրում են՝ ջեռուցումը մեկ աստիճանով պակասեցնելիս, ծախսը նվազում է 7 տոկոսով։ Այս տվյալները ներկայացնում է «Քաղաքապետների դաշնագիր՝ հանուն կլիմայի և էներգիայի․ Արևելյան գործընկերություն» ծրագրի աշխատանքային խմբի ղեկավար Քրիստոֆ Ֆրերինգը։ Նա սեփական օրինակն է մատնանշում՝ գիշերը հյուրանոցի պատուհանը բաց է թողնում, քանի որ շատ շոգ է սենյակում։ Բարձր ջերմաստիճան, մեքենաների արտանետումներ, հասարակական տրանսպորտ ու ոչ միայն․ ամեն տարի ջերմոցային գազերի արտանետումները մի քանի միլիոն տոննայի են հասնում։ Հայաստանում այդ թիվը մոտ 11 մլն է։
Խորհրդային տարիներին, երբ Հայաստանում արդյունաբերական խոշոր ձեռնարկություններ էին գործում, արտանետումները 25 մլն տոննայի էին հասնում։
Հայաստանում ծրագրի ազգային փորձագետ Արտեմ Խարազյան․
«Հիմա հիմնականում ավելի շատ շեշտը դրվում է վերականգնվող ռեսուրսների օգտագործման վրա, քան թե էներգախնայողության։ Բայց իրականում, եթե նայենք, բալանսավորվածությանը, ապա կամաց-կամաց նրանք հավասարվում են 50/ 50։ Միանշանակ, հիմնականում վերականգնվող՝ արևային, ինքնավար համակարգերն են զարգանում»։
Երևան, Գյումրի, Վանաձոր ․․․մեծ ու փոքր 30 համայնք է միացել ծրագրին։ Դրանցից 7–ը արդեն մշակել են իրենց էներգետիկ ու կլիմայական ռազմավարությունները, 11-ը սկսել են աշխատել այդ ուղղությամբ, 4–ը կսկսեն աշխատել այս տարի։ Գործողությունները երեք հիմնական ուղղություն ունեն՝ ջերմոցային գազերի արտանետումների նվազեցում, հարմարվողականություն կլիմայի փոփոխությանը և էներգետիկ աղքատության հաղթահարում։ Համայնքներն իրենց առջև խնդիր են դրել՝ մինչև 50 տոկոս կրճատել արտանետումները։ Ո՞ր համայնքներում են արտանետումներն ավելի շատ․
«Շատ հեշտ է պատասխանել այդ հարցին, քանի որ հիմնականում, դա ուղղակիորեն կապված է համայնքի մեծությունից։ Իհարկե, Երևան, Գյումրի, Վանաձոր և արդեն, ըստ մեծության՝ մյուս համայնքները։ Նրանք գույքագրման շրջանակներում արդյունաբերական, ծառայության, գյուղատնտեսական հատվածը չեն ներառում։ Վերցնում են միայն այն ոլորտները, որտեղ քիչ թե շատ ազդեցություն ունեն։ Դրանով է բացատրվում , որ բնակչությունը, որպես կանոն, ամենահիմնական արտանետողն է»։
Հիմնական արտանետումները էներգետիկ ոլորտից են գալիս։ Հենց այստեղ է, որ շեշտը արևային կայանների զարգացման վրա է դրվում։ Բայց այստեղ կարևոր է հատկապես բնակչության դերը։ Եթե համայնքի բնակիչը ոչ մի քայլ չձեռնարկի, ծրագիրը արդյունք չի տա՝ արձանագրում է աշխատանքային խմբի ղեկավար Քրիստոֆ Ֆրերինգը․
«Մենք հիմնականում փափուկ աջակցություն ենք ցուցաբերում՝ հիմնականում խորհրդատվական, մենք նրանց սովորեցնում ենք՝ ինչպես ու ինչ անել։ Եթե գիտելիքի կարիք են ունենում, մենք տրամադրում ենք»։
Ծրագրի արդյունավետությունը գնահատվում է նրանով, թե էներգարադյունավետության ու կլիմայական մարտահրավերների հաղթահարման քանի ծրագիր է իրականացվել համայնքներում։ Եվրոպայում ներդրված է արտանետումների առևտրի համակարգ։ Սահմանաչափեր են դրվում տարբեր արտադրությունների վրա՝ սահմանափակելով ջերմոցային գազերի արտանետումները մեկ միավոր տարածքի վրա։ Եթե Հայաստանում էլ ներդրվեն նման չափանիշներ, արդյունքը ակնհայտ կլինի, բայց մի քանի տարի հետո միայն։ Տարբեր համաձայնագրերով ավելի քան 190 երկիր պարտավորվել է մինչև 2035 թվականը ջերմոցային գազերի արտանետումները 1990 թվականի մակարդակի համեմատ կրճատել 44%-ով։