Վարչապետ․ Հայաստանում Արարատ սար չկա

Վարչապետ․ Հայաստանում Արարատ սար չկա

29 հունվարի 2026 – 16:24 AMT

PanARMENIAN.Net – Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ առաջին անգամ Հայաստանում իրավիճակն այնպիսին է, որ մարդիկ ոչ թե հեռանում են երկրից, այլ վերադառնում՝ որպես ապացույց երկրի կայունության և առաջընթացի։ Այդ մասին նա ասել է կառավարության նիստից հետո ճեպազրույցում:

Նա նաև ասել է, որ Արարա՞տ, թե Արագած հարցը հետևյալի մասին է՝ «պետությո՞ւն, թե չպետություն», և հավելել է, որ Հայաստանում Արարատ սար չկա, հայտնում է Aysor.am-ը:

«Պետությունն ունի միջազգայնորեն ճանաչված տարածք ու ՀՀ միջազգայնորեն ճանաչված տարածքում կա Արարատ, դա Արարատ խոշորացված համայնքն է ու Արարատի մարզն է, բայց Արարատ սար Հայաստանում չկա: Եթե չեք նկատել՝ վկայում է մի բանի մասին, որ պետություն ու չպետություն հասկացությունների միջև դեռ մինչև վերջերս սահմանազատում չի եղել, ինչը մենք իրականացրել ենք, որովհետև մենք պետություն ենք», – ասել է նա։

Նա ընդգծել է, որ Հայաստանը վայելում է անկախությունը և խաղաղությունը։

«Հասցրել ենք այն վիճակի, որ ՀՀ տասնյակ հազարավոր քաղաքացիներ առողջության ապահովագրության շրջանակներում ստանում են ծառայություններ պետական բյուջեի միջոցներով, հասցրել ենք այն վիճակի, որ Հայաստանն, ի վերջո, վայելում է խաղաղությունն ու անկախությունը», – ասել է նա։

2025-ի աշնանը Արարատի պատկերը հանվել է սահմանային կնիքից:

Leave a Comment