ՀԴ հանձնախումբը դատապարտել է հայ ինքնությունը հանցավորության հետ կապող հռետորաբանությունը

Հայ դատի Ամերիկայի Արևմտյան ափի հանձնախումբը դատապարտել է «Medicare» և «Medicaid» Services կենտրոնների (CMS) ադմինիստրատոր Մեհմեթ Օզի կողմից հնչեցված հայտարարություններն ու հրապարակված տեսանյութը, որոնցում Լոս Անջելես շրջանի ենթադրյալ առողջապահական խարդախությունները կապվում են «օտար ազդեցությունների»՝ այդ թվում «ռուսահայկական խմբավորումների»,  հայ ինքնության, լեզվի և համայնքային ներկայության ներկայացումը որպես հանցավորության ցուցիչ։

Հանձնախումբն ընդգծել է` խարդախությունը հանցագործություն է, և յուրաքանչյուր ապացուցված խախտում պետք է քննվի ու պատժվի օրենքի գերակայության շրջանակում՝ անկախ անձի ծագումից։ Սակայն օրենքի գերակայությունը պահանջում է անհատական կասկած և ապացույցներ, այլ ոչ թե ակնարկներ կամ ենթադրություններ՝ հիմնված լեզվի, մշակույթի կամ էթնիկական պատկանելության վրա։

Հանձնախումբի զգուշացմամբ՝ այսպիսի ձևակերպումները փաստացի վերածվում են հանրայնորեն տարածվող ատելության խոսքի՝ խրախուսելով ամերիկահայ բիզնեսների և մասնագետների նկատմամբ հետապնդումները և հիմք ստեղծելով խտրական իրավապահ գործելակերպի համար։

Հանձնախումբը կոչ է արել Օզին և CMS-ին անհապաղ հետ վերցնել և ուղղել այն հռետորաբանությունը, որը ենթադրյալ խարդախությունը կապում է հայկական ինքնության, լեզվի կամ մշակույթի հետ, ապահովել, որ բոլոր քննությունները լինեն խիստ ապացույցների վրա հիմնված և ոչ խտրական, հրաժարվել համայնքների նկատմամբ հավաքական մեղադրանքից, համագործակցել համայնքային կառույցների հետ՝ վստահությունը վերականգնելու և քաղաքացիական իրավունքների լիարժեք պաշտպանությունն ապահովելու համար։

Հանձնախումբը վերահաստատում է. հայ ամերիկացիները Միացյալ Նահանգների և Կալիֆոռնիայի հպարտ ու արժանապատիվ քաղաքացիներ են։ Կառավարական հաղորդակցությունը, որը խթանում է հայատյացությունը կամ վտանգի տակ է դնում համայնքի անվտանգությունը, անընդունելի է։

Հայ դատի Ամերիկայի Արևմտյան ափի հանձնախումբը պատրաստակամություն է հայտնել աջակցել խիստ, օրինական և արդար պայքարին ընդդեմ խարդախությունը՝ միաժամանակ պաշտպանելով քաղաքացիական և մարդու իրավունքները բոլոր համայնքների համար։

 

Leave a Comment