Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի շուրջ ստեղծված իրավիճակին։
Հիշեցնենք, որ ավելի վաղ պատգամավոր Հայկ Սարգսյանը հայտնել էր, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչությունը մերժել է իրեն գրանցել որպես առաջիկա խորհրդարանական ընտրություններում պատգամավորի թեկնածու՝ շեշտելով, որ ինքը բողոքարկելու է այդ որոշումը։ Դրանից հետո Սարգսյանը հայտնել էր, որ իր բողոքարկումը քննարկվել է ու կրկին մերժում է ստացել։ Սարգսյանն ասել էր, որ այլևս թեմային չի անդրադառնալու, իսկ ՀՀ վարչապետ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպելու անհրաժեշտություն չի տեսնում։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հունվարի 29-ին կայացած ճեպազրույցի ժամանակ Փաշինյանը նշեց, որ Հայկ Սարգսյանի հարցը ՔՊ վարչությունում մի քանի անգամ է քննարկվել, և ինքը չի կարծում, որ այդ քննարկումների բովանդակությունը հանրային դարձնելուն ուղղված գործողությունները կբխեն Հայկ Սարգսյանի շահերից։
««Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչությունում նախ ամիսներ առաջ խիստ նկատողություն է հայտարարվել Հայկ Սարգսյանին, դա ունեցել է կոնկրետ պատճառ։ Դրան հետևել են իրավական ընթացակարգեր, և այդ պատմությունն ընդամենը մեկ բանի մասին է, որ ՔՊ-ում այդ թվում իր անդամների ոչ կանոնավոր և կոռուցիոն տեսանկյունից խնդրահարույց գործողությունները չեն հանդուրժվելու, և սա պետք է պարզ լինի բոլորին»,- ասել է Փաշինյանը։