Չեմպիոնների լիգայի 2025/26 թթ. խաղարկության լիգայի փուլի վերջին՝ 8-րդ տուրում «Բարսելոնան» «Կամպ Նոուում» կամային հաղթանակ է տարել դանիական «Կոպենհագենի» նկատմամբ (4-1)։
4-րդ րոպեին հյուրերին հաշվի մեջ առաջ է մղել Վիկտոր Դադասոնը։ «Բարսելոնայից» երկրորդ խաղակեսում աչքի են ընկել Ռոբերտ Լևանդովսկին, Լամին Յամալը, Ռաֆինյան և Մարկուս Ռեշֆորդը։
Այս հաղթանակի շնորհիվ կատալոնական ակումբը նվաճել է 1/8 եզրափակչի ուղեգիր։
Իսկ ահա Մադրիդի «Ռեալը» հյուրընկալվելիս դրամատիկ խաղում պարտվել է Լիսաբոնի «Բենֆիկային» (2:4)։
Խաղի հաշիվը բացել են հյուրերը՝ 30-րդ րոպեին աչքի է ընկել Կիլիան Մբապեն։ 36-րդ րոպեին հաշիվը հավասարեցրել է Անդրեաս Շելդերուպը, իսկ խաղակեսի ավելացված ժամանակում (45+5) Վանգելիս Պավլիդիսը 11-մետրանոց հարվածով առաջ է մղել պորտուգալական թիմին։
54-րդ րոպեին Շելդերուպը դուբլ է ձևակերպել, իսկ 4 րոպե անց Մբապեն կրճատել է հաշվի տարբերությունը։
Հանդիպման վերջնամասը լարված է ստացվել «Ռեալի» համար։ Թիմը մնացել է 9 հոգով՝ 90+2-րդ և 90+7-րդ րոպեներին կարմիր քարտեր են ստացել համապատասխանաբար Ռաուլ Ասենսիոն և Ռոդրիգոն։ Իսկ խաղի վերջակետը դրել է դարպասապահ Անատոլի Տրուբինը՝ գոլի հեղինակ դառնալով 90+8-րդ րոպեին։ «Ռեալն» ու «Բենֆիկան» պայքարը կշարունակեն անցումային փլեյ-օֆֆում։