29 հունվարի 2026 – 13:38 AMT
PanARMENIAN.Net – Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հայտարարել է, որ TRIPP նախագիծը՝ ԱՄՆ-ի վերահսկողության տակ գտնվող հաղորդակցային ուղու ծրագիրը, դառնալու է Հայաստանի ամենամեծ անվտանգային սպառնալիքը։
«TRIPP-ն մեր ամենամեծ անվտանգային սպառնալիքն է դառնալու», – ասել է նա, հայտնում է «Ազատությունը»:
Նրա խոսքով՝ ծրագիրը, որը պաշտոնապես ներկայացվում է որպես հայ-ամերիկյան նախաձեռնություն, ըստ էության ծառայում է Ադրբեջանի և Թուրքիայի շահերին, մինչդեռ Հայաստանը լիարժեք կողմ չէ գործընթացին։
«TRIPP-ը հայ-ամերիկյան պրոյեկտ է Ադրբեջանի և Թուրքիայի համար: Հայաստանը կողմ չէ, կիսակողմ է», – նշել է Քոչարյանը։
Ըստ Քոչարյանի, ԱՄՆ-ն այս ծրագրում 0 տնտեսական շահ ունի: Միակ հետաքրքրող հանգամանքը Իրանն է, որին ԱՄՆ-ն փորձում է վերցնել վերահսկողության տակ:
«Այս ծրագիրը կարող է չեզոքացնել իրանական մտահոգությունը, եթե դրան միանան այլ երկրներ», – հավելել է նա:
Խոսելով սպասվող խորհրդարանական ընտրությունների մասին՝ Քոչարյանը հայտնել է, որ «Հայաստան» դաշինքը վարչապետի թեկնածուին որոշելու է սոցհարցման միջոցով։
«Փետրվարի սկզբին մենք սոցոլոգիական հետազոտություն ենք իրականացնելու ու որոշենք, թե ով է լինելու դաշինքի առաջնորդը։ Եթե այդ հարցումը որոշի, որ ես եմ, ուրեմն ես կլինեմ, եթե այլ անձ՝ ուրեմն նա է։ Ես շատ ուրախ կլինեմ, որ ես չլինեմ․ շատ մեծ բեռից կազատվեի», – ասել է երկրորդ նախագահը։
Քոչարյանն ընդգծել է, որ առկա ուսումնասիրությունները ցույց են տալիս իր՝ առավել բարձր վարկանիշը, սակայն վերջնական որոշումը կախված կլինի թիմային արդյունավետությունից։
«Այսօր այն հրապարակումները, որոնք այլ լրատվամիջոցներում կան, այլ սոցիոլոգիական ուսումնասիրությունների առումով, ցույց են տալիս, որ՝ այո, ես եմ ավելի մեծ հավանական թեկնածուն, որը կգլխավորի ցուցակը, բայց վերջնական որոշում կայացնելու համար պետք է ինքս հասկանամ՝ ինչքանով է սա արդյունավետ լինելու ամբողջ թիմի համար»,-հավելել է նա:
Նա նաև հայտնել է, որ դաշինքում նախատեսվում է որոշակի թարմացում։
«Որոշակի թարմացում լինելու է, ուղղակի պետք է դա անել, նոր մարդիկ են հայտնվելու այնտեղ և ցուցակում», – ասել է նա։
Քոչարյանը անդրադարձել է նաև ադրբեջանական բենզինի ներկրման հարցին՝ նշելով, որ գների նվազումը հիմնականում կապված է համաշխարհային նավթի շուկայում առաջարկի աճի հետ։
«Գներն իջել են, որովհետև վերջերս բավական մեծացվել են նավթային արտահանումները Սաուդյան Արաբիայի, Բրազիլիայի, Միացյալ Նահանգների ու Կանադայի կողմից, սա բերել է նավթի էժանացման, ինչն էլ բերում է նավթամթերքի էժանացման»,-ասել է նա:
Նա պարզաբանել է, որ Ադրբեջանն ունի ընդամենը մեկ նավթամշակման գործարան, որը դժվարությամբ է բավարարում ներքին պահանջարկը։
«Ադրբեջանը ունի մեկ նավթազտարան, ու այդ գործարանը հազիվ է բավարարում Ադրբեջանի պահանջերը, անցած տարի ներմուծել է 120 հազար տոննա պրեմիում բենզին Ռուսաստանից։ Դիզվառելիքով, այո, բավարարում է իր պահանջները, մի քիչ էլ կարա արտահանի։ Ինչ վերաբերում է՝ լավ է, թե վատ է, լավ է, բայց ով է ում ավելի մեծ լավություն անում՝ ապրանք առնողը, թե՞ ապրանք ծախողը։ Ապրանք առնողը։ Հայաստանում գերենացված գումարները գնում են Ադրբեջան», – ասել է երկրորդ նախագահը։
«Հիմա եթե պիտի ռուական բենզինը ներմուծվի Ադրբեջան, հետո Ադրբեջանից գա Հայաստան որպես ադրբեջանական բենզին, անունը դնում եմ՝ քարոզչական վառելիք», – հավելել է նա։
Քոչարյանը ներկայացրել է նաև իր տեսակետը ընթացիկ աշխարհաքաղաքական զարգացումների վերաբերյալ՝ նշելով, որ Հայաստանը պետք է անի ամեն ինչ՝ գերտերությունների շահերի բախման կենտրոնում չհայտնվելու համար, հայտնում է «Առավոտը»:
Նա նկատել է, որ չափազանց հետաքրքիր գործընթացներ են և այդ համատեքստում գնահատելով ԱՄՆ-ի ազգային անվտանգության ռազմավարությունը՝ փաստել է․ «ԱՄՆ-ը ինքն է ապամոնտաժում այն աշխարհակարգը, որն իրենք էլ ձևվորել են ու դա արտացոլված է ԱՄՆ-ի ազգային անվտանգության ռազմավարության մեջ»։
Քոչարյանը առանձնացրել է այդ ռազմավարության առանցքային դրույթները՝ նշելով, որ ըստ ԱՄՆ-ի մոտեցման՝ աշխարհը համարվում է բազմաբևեռ, հրաժարվում են գաղափարական հեգեմոնիայից, բայց ոչ ամբողջական գերիշխանությունից։ Չինաստանը ճանաչվում է որպես հիմնական մրցակից, մինչդեռ Ռուսաստանի հետ պատրաստակամ են ձևավորել որոշակի մակարդակի հարաբերություններ։ Իսկ Եվրոպայի դերը ներկայացվում է նվազ նշանակալի։
«Եվ մեզ համար հետաքրքիր հանգամանք՝ զրո հիշատակում Հարավային Կովկասի մասին․ սա նշանակում է՝ ԱՄՆ-ն այստեղ չունի ֆունդամենտալ շահեր՝ ոչ տնտեսական, ոչ քաղաքական», – ասել է նա։
Նա անդրադարձել է նաև ԱՄՆ քաղաքական վերնախավի մոտեցումներին՝ ընդգծելով, որ նախագահը փաստացի անտեսում է միջազգային իրավունքը՝ գերադասելով սեփական բարոյական չափանիշները։ Նրա արտաքին քաղաքական հարցերով խորհրդականը՝ Միլլերը, նշել է, որ ԱՄՆ-ն գերիշխող ուժ է ու մտադիր չէ զիջել իր դիրքերը, իսկ քաղաքավարությունը միջազգային հարաբերություններում համարվում է հնացած մոտեցում։
Այս հակասական մոտեցումներն ու դիրքորոշումները Քոչարյանը կապել է գլոբալ ապակայունացման հնարավորության հետ:
«Կամ պետք է լինի մեծ պատերազմ, կամ աշխարհը պետք է բաժանեն ազդեցությունների գոտիների։ Թրամփը անում է երկրորդը՝ կառավարվող էսկալացիայով»,-Ասել է նա:
Հարցին՝ ի՞նչ պետք է անի Հայաստանը նման պայմաններում, Քոչարյանը պատասխանել է, որ անհրաժեշտ է խուսափել միջազգային բախումների կիզակետում հայտնվելուց։
Անդրադառնալով այն հարցին, թե նման պայմաններում ինչ դիրքավորում պետք է ունենա Հայաստանը, Քոչարյանը զգուշացրել է՝ ներկա փուլում աշխարհը դարձել է առավել վտանգավոր։
«Հայաստանը պետք է անի ամեն ինչ գերտերությունների շահերի բախման կետում չհայտնվելու համար։ Անցած անգամ նման ձևակերպումն եմ տվել, հիշեցնեմ՝ հմուտ նավապետը փոթորիկի ժամանակ իր նավը օվկիանոս չի հանում՝ չվտանգելու համար և նավը, և անձնակազմը, սա ուղղակի վերաբերում է Հայաստանի Հանրապետությանը», – նշել է նա։
ՀՀ-ում խորհրդարանական ընտրություններն անցկացվելու են 2026-ի հունիսին: