Նորագյուղում մինչեւ 70 հարկանի երկնաքեր կկառուցվի — Հայաստանի Հանրային Ռադիո

Եթե երկնաքերերի կառուցման խնդիրը լուծելի է Ճապոնիայի նման երկրներում, մեզ մոտ նույնպես լուծելի է, կառավարության այսօրվա նիստում Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն այսպես է արձագանքել վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Նորագյուղում կառուցվելիք թաղամասին վերաբերող հարցին։

Այս թաղամասում մինչեւ 70 հարկանի շենքեր են կառուցվելու։ Քաղաքապետը հայտնել է, որ Երեւանում այսօր արդեն կան 50-հարկանի շենքերի նախագծեր։ Ըստ նրա՝ դրանք «ինժեներական աշխատանքներ են և հաշվի առնելով գրունտը, հաշվի առնելով այն սեյսմիկ իրավիճակը, որ մեր տարածաշրջանը ունի, դրանք լուծելի են»։

Կառավարությունն այսօրվա նիստում Երևանի քաղաքապետին լիազորել է «ԴԻԹԻ ՔՈՆՍԹՐԱՔՇՆ» և «ԴԻԹԻ ԴԵՎԵԼՈՓՄԵՆԹ» փակ բաժնե­տի­րական ընկերությունների հետ կնքել «Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Նորագյուղ թաղամասի, այն է՝ Իսակով և Մոնթե Մելքոնյան պողո­տա­ների տրանսպորտային հանգույցով, «Պասկևիչի բլուր» աշխարհագրական անվա­նումով տարածքով և Պասկևիչի բլուրից դեպի հարավ՝ Հրազդան գետի կիրճով պարփակված տարածքում սեփականության օտարման գործընթացի ընթացքում պետության և ձեռք բերողի իրավունքները, պարտականություններն ու պատասխանատվությունը սահմանող պայմանագիր» կնքել։

Leave a Comment