250 հա տարածքում կստեղծվի Դալմայի անտառ-պուրակը. Ավինյան


«Ես 2018 թվականից Երևանի քաղաքապետարանի առաջ խնդիր եմ դրել Դալմայի այգու անձեռնմխելիության հետագա այն պլանով, որ այդտեղ պետք է լինի քաղաքային մեծ այգի՝ առանց կառուցապատման, այսինքն՝ քաղաքային անտառ-այգի: Ծրագրով տեսլականին չենք դիպչում, չէ՞»,- Կառավարության նիստի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվեց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանից:


«Պարո՛ն վարչապետ, ուղիղ հակառակը: Իրականում Երևանի քաղաքապետարանը պատվիրել է տեխնիկատնտեսական մի աշխատանք, որՆ արվել է Դալմայի այգիներում՝ 250 հա տարածքի վրա:


Ենթադրվում է, որ այդ հողերը պետք է մնան կանաչ ֆոնդ, և այդտեղ ուզում ենք իրականացնել նախագիծ, որը կդառնա Դալմայի անտառ-պուրակ, այսինքն՝ 250 հա տարածքում խիտ անտառապատ պուրակ պետք է ստեղծենք, որը Երևան քաղաքում էականորեն կանաչ ֆոնդի քանակը ավելացնում է»,- պատասխանեց Տիգրան Ավինյանը:


Վարչապետը հետաքրքրվեց նաև Կասկադի անավարտ հատվածի շինարարությունից:


«Իր բնականոն հունով ընթանում է: Հիմա բանակցում ենք պայմանագրի որոշ կետերի դրույթների վերաբերյալ հաղթող ընկերության հետ: Հենց վերջնականացնենք այդ բանակցությունները, մենք արդեն անցնելու ենք ավելի ակտիվ փուլի: 


Հիմա քանդման աշխատանքների փուլում ենք: Ֆիզիկապես քանդման աշխատանքները նախորդ տարվանից սկսած արդեն տեղի էին ունենում: Ֆիզիկապես այնտեղ արվում է աշխատանք»,- ասաց Ավինյանը:


Վարչապետի հարցին, թե ուր է հասել Իսակով-Արշակունյաց նախագիծը, Երևանի քաղաքապետը պարզաբանեց՝ շինարարությունը մեկնարկելու է գարնանը: 


«Մրցույթի վերջնական հաղթողը պետք է ընտրվի, և դրանից հետո սկսում ենք աշխատանքները»,- հայտնեց նա:

Դիտումների քանակ4

Leave a Comment