28 հունվարի 2026 – 17:40 AMT
PanARMENIAN.Net – ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը ԵԽԽՎ նստաշրջանում, պատասխանելով Եվրոպական պահպանողականների քաղաքական խմբի ներկայացուցչի հարցին, ասել է, որ Հայաստանում հոգևորականների դեմ հալածանքներ չկան։
Եվրոպացի պատգամավորը նախ շեշտել է, որ Հայ առաքելական եկեղեցին ավելի քան 1700 տարվա պատմություն ունի ու կարևոր դեր է ունեցել Հայաստանի անկախացման գործընթացում, ապա հավելել է՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է եկեղեցում փոփոխություններ կատարելու մտադրության մասին և իր շուրջն համախմբել է մեծաթիվ եպիսկոպոսների։ Պատգամավորը հարցրել է՝ արդյո՞ք սա չի համարվում ժողովրդավարության, կրոնական ազատության և արտահայտվելու իրավունքի խախտում, հայտնում է Sputnik Արմենիան:
Ի պատասխան՝ Միրզոյանն ընդգծել է, որ ցանկանում է այդ հարցը հստակեցնել հենց ԵԽԽՎ ամբիոնից։
«Սա բամբասանք է, որը պետք է պարզաբանվի ու հստակեցվի հենց այստեղ։ Պետք է ասեմ, որ լիովին անհամաձայն եմ ձեր որոշ ձևակերպումների, որակավորումների հետ։ Ցավում եմ, որ ձեր տեղեկատվությունն ամբողջապես ճշմարիտ չէ։ Հայաստանում հոգևորականների նկատմամբ հալածանք չկա»,– նշել է նա։
Միրզոյանը նաև նշել է, որ որոշ հոգևորականներ ժողովրդավարական ճանապարհով ընտրված իշխանությանը ուժով հեռացնելու կոչեր են հնչեցրել։
«Սա բացահայտ ձևով են արել, նաև սպանության կոչեր են արել։ Տխուր իրականություն ունենք Հայաստանում. ունենք հոգևորականներ, որ այս կոչերն արել են»,– ասել է նախարարը։
2026 թվականի հունվարի 4-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և կաթողիկոսի հրաժարականը պահանջող եպիսկոպոսները հանդես են եկել Հայ առաքելական եկեղեցու «բարենորոգման» մեկնարկի մասին հայտարարությամբ՝ հրապարակելով իրենց «ճանապարհային քարտեզը»։ Այդ փաստաթուղթը, որին միացել են եպիսկոպոսներն ու Փաշինյանը, նախատեսում է համակարգող խորհրդի ստեղծում՝ Հայ առաքելական եկեղեցում «բարեփոխումների» կազմակերպման նպատակով։