
Հայաստանում անցան Ադոնցի մանկության ու պատանեկության տարիները, սակայն, նրա հետագա կյանքն անցավ արտասահմանում՝ հիմնականում Բելգիայում։ Ինչպես նշում է ՀՀ ԳԱԱ թղթակից-անդամ Աելիտա Դոլուխանյանը, Եվրոպայում ապրելիս գիտնականն իր թե՛ արտաքին տեսքով, թե՛ վարքագծով միշտ բարձր էր պահում հայ մարդու պատիվը։
Նա հնարավորինս աջակցում էր արտերկրում սովորող հայ ուսանողներին. շաբաթ և կիրակի օրերին նրանց համար անվճար դասընթացներ էր կազմակերպում՝ սովորեցնելով գրաբար և հայոց պատմություն։ Ադոնցը համոզված էր, որ հայ մարդը երբեք չպետք է լինի խեղճ ու կրակ, այլ պետք է ապրի գլուխը բարձր՝ գիտակցելով, որ ինքը Տիգրան Մեծի ժառանգն է։
Գիտնականը մեծ ոգևորությամբ ընդունեց հայրենիքում Գիտությունների ակադեմիայի հիմնադրման լուրը։ Նա պարբերաբար Հայաստան էր ուղարկում ֆրանսերենով գրված իր աշխատությունները՝ հույս ունենալով, որ դրանք կթարգմանվեն և հասանելի կդառնան հայ ընթերցողին։ Բացի այդ, Ադոնցը չափազանց բարձր էր գնահատում Հայ Առաքելական եկեղեցու դերը, հատկապես պետականության բացակայության պայմաններում։