ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կշռադատում է Իրանին նոր խոշոր հարվածի հնարավորությունը այն բանից հետո, երբ Վաշինգտոնի ու Թեհրանի միջև իրանական միջուկային ծրագրի սահմանափակման և բալիստիկ հրթիռների արտադրության վերաբերյալ նախնական քննարկումները առաջընթացի չեն հանգեցրել, հաղորդում է CNN-ը:
«Տարբերակները, որոնք նա այժմ քննարկում է, ներառում են ամերիկյան ավիահարվածները Իրանի առաջնորդների և ուժային կառույցների աշխատակիցների ուղղությամբ, որոնք ենթադրաբար պատասխանատու են սպանությունների համար (երկրում բողոքի ակցիաների ընթացքում), ինչպես նաև հարվածներ իրանական միջուկային օբյեկտներին ու կառավարական հաստատություններին», – հայտնում է հեռուստաալիքը՝ վկայակոչելով իր աղբյուրներին:
Սակայն պարբերականն ընդգծում է, որ Թրամփը դեռևս վերջնական որոշում չի կայացրել հետագա գործողությունների վերաբերյալ, թեև կարծում է, որ իր ռազմական հնարավորություններն ընդլայնվել են հունվարի սկզբի համեմատ, քանի որ այժմ տարածաշրջանում է գտնվում ԱՄՆ ավիակիր հարվածային խումբը:
Աղբյուրների խոսքով՝ հունվարին ԱՄՆ-ն և Իրանը հաղորդագրություններ են փոխանակել, այդ թվում՝ Օմանի դիվանագետների միջոցով և ԱՄՆ առաջնորդի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթկոֆի և Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչիի միջև: Քննարկվել է նաև նրանց անձնական հանդիպման հնարավորությունը, որն արդյունքում չի կայացել։
Աղբյուրները նշում են, որ ԱՄՆ-ի և Իրանի միջև լուրջ ուղիղ բանակցություններ չեն եղել: Նրանց տվյալների համաձայն՝ Վաշինգտոնը նաև Թեհրանից նախապայմաններ է պահանջել իրանցի պաշտոնյաների հետ հանդիպման համար՝ ուրանի հարստացման վերջնական դադարեցում, բալիստիկ հրթիռների իրանական ծրագրի նոր սահմանափակումներ, ինչպես նաև տարածաշրջանում պրոքսի ուժերի աջակցության դադարեցում:
Գլխավոր խոչընդոտը, ինչպես ասվում է հրապարակման մեջ, ԱՄՆ-ի պահանջն է Իրանին՝ համաձայնել սահմանափակել իր բալիստիկ հրթիռների հեռահարությունը։
Դրանից Թեհրանում հրաժարվել են և հայտարարել, որ Վաշինգտոնի հետ քննարկելու են միայն իրենց միջուկային ծրագիրը։
ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցչությունը, ի պատասխան ԱՄՆ նախագահի վերջին հայտարարությունների, հունվարի 28-ին ընդգծել էր, որ Թեհրանը պատրաստ է երկխոսության, բայց անհրաժեշտության դեպքում կպաշտպանվի և «կպատասխանի ինչպես երբեք»:
