Արբելոան իմ սիրելիներից է թե՛ մարդկային, թե՛ անձնական համակրանքի տեսանկյունից․ Մոուրինյու

«Բենֆիկայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն ջերմ խոսքեր է ուղղել «Ռեալը» գլխավորող Ալվարո Արբելոայի հասցեին՝ նրան անվանելով իր ամենասիրելի սաներից մեկը։

​Հիշեցնենք, որ ավելի վաղ «Ռեալի» նախկին մարզիչը զարմանք էր հայտնել, որ աշխարհի լավագույն ակումբները ղեկավարում են «առանց պատմության» մարզիչներ՝ որպես օրինակ բերելով Ալեգրիին («Միլան»), Գասպերինիին («Ռոմա») և Սպալետիին («Յուվենտուս»)։

Արբելոան զուսպ էր արձագանքել։

«Երբ խոսում է նման մարզիչը, ես լսում եմ և վերլուծում։ Բոլորդ գիտեք, թե Մոուրինյուն ինձ համար ինչ նշանակություն ունի»,-ասել էր Արբելոան։

Ավելի ուշ պորտուգալացի մասնագետը հստակեցրել է իր դիրքորոշումը՝ խոսելով իսպանացու մասին։

​«Նրանք բոլորն իմ երեխաներն են՝ իմ նախկին խաղացողները։ Արբելոան իմ սիրելիներից է թե՛ մարդկային, թե՛ անձնական համակրանքի տեսանկյունից։ ​Ալվարոն «Ռեալում» երբևէ հանդես եկած լավագույն մարդկանցից է։ Նա վերջինն էր, ում վրա կարելի էր ճնշում գործադրել։

Ես հույս ունեմ, որ նրա մոտ ամեն ինչ կստացվի, և նա ֆանտաստիկ կարիերա կունենա։

​Արբելոան կարող է մարզել աշխարհի ցանկացած թիմ, և ես նրան հաջողություն եմ մաղթում։

​Մարզիչ լինելը շատ բարդ է, հիմնականում այն պատճառով, որ միշտ կգտնվի մեկը, ով կարծում է, թե քեզնից ավելին գիտի։ Ալվարոն, ով դեռ նոր է սկսում կարիերան, պետք է իսկապես սիրի այս աշխատանքը»,- պորտուգալացու խոսքերն է մեջբերել A Bola-ն։

Leave a Comment