Ալբերտ Ավետիսյան
«Ռադիոլուր»
Հայկական բանակի կազմավորման տարեդարձի առիթով այսօր բազմամարդ է եղել նաև «Եռաբլուր» զինվորական պանթեոնը՝ քաղաքական և ոչ քաղաքական գործիչներ, նախկին ու ներկա զինվորականներ, կամավորականներ ու պարզապես քաղաքացիներ։ Բոլորի ասելիքում ընդհանուր է մեկ բան՝ Զինված ուժերը երկրի ողնաշարն է, որի ամրությունից են կախված ժողովրդի ապագան ու անվտանգությունը։
«Ես կցանկանամ, որ մեր բանակում ծառայողների ծնողների աչքերը երբեք թաց չլինեն»։
Զրուցակիցս Միշան է, որը պարտադիր զինծառայությունն ավարտել, բայց բանակից այդպես էլ «չի զորացրվել»։ Եռաբլուր միշտ է գնում, այսօր էլ այստեղ է՝ ոչ թե պաշտոնական ելույթներ լսելու, այլ իր ընկերներին տեսակցելու։ Հիշողության մեջ դեռ թարմ է այն դրվագը, երբ զինվորական համազգեստը քաղաքում ժպիտ ու հպարտություն էր արթնացնում։
«Ռադիոլուր»-ին պատմում է օրվա մասին իր հիշողություններից մի դրվագ։
«Հիշում եմ մեր ծառայության շրջանում, երբ նոր էինք ծառայում, քաղաքում շրջելիս բոլորը շնորհավորում էին։ Ամեն ծնող, երբ տեսնում էր մեզ, աչքերը լցնում էր։ Ես հիմա եկել եմ Եռաբլուր ու տեսնում եմ ծնողների, որոնց աչքերը նորից թաց են»։
Հայկական բանակի 34-ամյակի կապակցությամբ Եռաբլուր զինվորական պանթեոն են այցելել քաղաքական ու ոչ քաղաքական գործիչներ, նախկին ու ներկա զինվորականներ, կամավորական ջոկատների ներկայացուցիչներ։
Բոլորի խոսքում ընդհանուր է մեկ բան․ հայ զինվորն ու հայոց բանակը եղել ու մնում են հայ ժողովրդի անվտանգության երաշխավորը։
«Այսօրվա վիճակը, որ ունենք, այսինքն՝ և՛ պարտություն, և՛ Արցախի կորուստ, դրանում բանակի մեղքն ընհանրապես չկա․ բանակն իր խնդիրը միշտ կատարել է, կատարոմ է և կատարելու է»։

Եռաբլուրում այսօր ոչ թե պարզապես խոնարհվում են, այլ պարտավորվում։ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի խոսքով՝ հենց անցյալի հիշողությունն է դառնում ապագայի հիմքը։
«Բանակի տոն պետք է նշվի․ ինչ-որ անում ենք ամեն անգամ՝ հիշելով մեր ընկերներին, հիշելով անցած ուղին և հիշելով իրենց նաև կառուցում ենք ապագա բանակի կարիքները, որը որ մեր երկրի անվտանգության հիմնական երաշխավորն է»։
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը Բանակի օրվան նվիրված տոնակատարությունների տարեցտարի նվազող քանակն ու տոնական տրամադրության պակասն է արձանագրում։ Կարծում է, որ դրա հիմքում 44-օրյա պատերազմում կրած պարտությունն է և դրան հաջորդած իրադարձությունները։
«Այնուամենայնիվ, կարծում եմ, որ հայկական բանակն այն կառույցն է, որ պատշաճ ուշադրության պայմաններում առաջինը կարող է վերականգնել, առաջինը կարող է շտկել իր ողնաշարը, և, ի վերջո, մեր ժողովուրդն ակնկալում է, որ հայկական բանակը պետք է լինի նրա անվտանգության երաշխավորը և մեր պետության ռազմական հզորության առանցքը»։
Որքան էլ ժամանակները դժվարին լինեն, իսկ հաղթանակները՝ քիչ, միևնույն է, խոր համոզմունք կա, որ այն, ինչ այսօր ունենք, մեր բանակի ու հատկապես զինվորի շնորհիվ է, ասում է ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Քրիստինե Վարդանյանը։
«Իմ կարծիքով՝ մեր նորանկախ պատմության ամենամեծ ձեռքբերումն է հայոց բանակը։ Խոշոր հաշվով մենք պետություն ստեղծել ենք մեր անվտանգությունը ապահովել կարողանալու համար, և այդտեղ ամենամեծ դերակատարությունը ունի մեր բանակը։ Դրա համար էլ ինչքան վիրավոր, ինչքան էլ խնդիրներ ունեցող, այն մեր անվտանգության գլխավոր երաշխավորն է։ Անգամ այս պայմաններում բանակ զորակոչվողը պետք է իմանա, որ իր վրա է հենվում ամբողջ մեր ժողովրդի անվտանգությունը»։
Եռաբլուրից հեռացող յուրաքանչյուր ոք իր հետ տանում է նույն միտքը․ 34 տարեկան հայոց բանակը շարունակում է մնալ այն հենասյունը, որի վրա կառուցվում են մեր երկրի անվտանգությունն ու ապագան։