Բնակիչներն ու համայնքի կառավարումը. Վաղարշապատում մեկնարկել է 2026 թ․մասնակցային բյուջետավորման ծրագիրը

Վաղարշապատ համայնքում մեկնարկել է 2026թ մասնակցային բյուջետավորման ծրագիրը, որով համայնքի բնակիչները հնարավորություն ունեն մասնակցելու համայնքի կառավարմանը: Մասնակցային բյուջետավորման առաջին ծրագիրը Վաղարշապատում 2025թ-ին է իրականացվել։ Այն ամբողջությամբ ֆինանսավորել էր համայնքը, իսկ այս տարվանից հավանության արժանացած ծրագրի 20 տոկոսը վճարելու է համայնքը, 80 տոկոսը՝ պետությունը: 2025-ին հաստատված պիլոտային ծրագրով համայնքապետարանի դիմացի այգում կառուցելու են բացօթյա կինոթատրոն ու գրադարան:

Մասնակցային բյուջետավորման առաջին պիլոտային ծրագիրը Վաղարշապատում 2025-ին սկսեցին: Բնակիչների համար մի քիչ անսովոր ու բարդ թվացող գործընթացն իրականացվել է 3-րդ փորձից հետո: Համայնքի ղեկավարի օգնական Մանվել Մելիքյանն ասում է, որ պիլոտային ծրագիրն ամբողջությամբ ֆինանսավորվում է համայնքի բյուջեից:

«Մրցույթը մի քանի անգամ է եղել, 2 անգամ չի կայացել, 3-րդից է կայացել: Բյուջեն 5 մլն դրամ է, ավել գումար չենք էլ կարող ներդնել, քանի որ դա հաստատված գումար է: Հաղթող առաջարկն էլ իրականացվելու է այդ բյուջեի սահմաններում»:

Պիլոտային ծրագիրը սկսել էին մինչև Խոյ համայնքի հետ միավորվելը։ Առաջարկները միայն Էջմիածին քաղաքից էին: Ներկայացված 5 ծրագրերով քաղաքացիները ցանկացել են իրենց քաղաքը դարձնել ավելի կանաչապատ, բարեկարգ, զբոսաշրջային, ունենալ հետաքրքիր ժամանցի վայր և խաղահրապարակ:

Այդ առաջարկները Վաղարշապատի համայնքապետարանի կայքում դրվել են քվեարկության։ Հաղթել է «Էջմիածնի երիտասարդների տուն» կենտրոնի առաջարկը: Քաղաքի հրապարակամերձ տարածքում նախատեսվում է բացօթյա կինոթատրոն և գրադարան կառուցել: Երիտասարդների մտահղացման մասին պատմում է կենտրոնի համակարգող Նռանի Մեխակյանը:

«Ամռանը, օգոստոսի 12-ին, երիտասարդների միջազգային օրվա շրջանակում «Էջմիածնի երիտասարդների տունը» եռօրյա հանրային միջոցառումներ էր կազմակերպել համայնքում, այդ թվում նաև՝ բացօթյա կինոդիտում հենց համայնքապետարանի հարակից այգում: Գաղափարը շատ էր դուր եկել երիտասարդներին ու հատկապես տարեցներին, և մտածեցին այդ միջոցառումներն ավելի հաճախակի կազմակերպել:

Դրա համար պետք է ունենալ ավելի հարմար ու կահավորված վայր, ինչպես նաև այգի, որտեղ հնարավոր է և՛ շրջել, և՛ գիրք վերցնել ու ընթերցել»:

Այս ծրագրի վերջնաժամկետը հունվարի 25-ն էր, սակայն աշխատանքները դեռ չեն սկսել։ Բայց Վաղարշապատում սկսվել է 2026-ի մասնակցային բյուջետավորման գործընթացը: Այս անգամ արդեն առաջարկները ֆինանսավորելու են համայնքն ու պետությունը․ համայնքը վճարելու արժեքի միայն 20 տոկոսը: Այդ նպատակով համայնքի բյուջեից 50 մլն դրամ է հատկացվել՝ ասում է համայնքի ղեկավարի օգնական Մանվել Մելիքյանը:

«Մասնակցային բյուջետավորումն, ըստ էության, ևս մեկ գործիք է քաղաքացիներին հնարավորություն տալու մասնակցել համայնքային կառավարմանը: Վաղարշապատ համայնքի քվերակելու իրավունք ունեցող բնակիչների առնվազն 1 տոկոսը պետք է քվեարկի հաղթող ծրագրի օգտին»:

Մասնակցային բյուջետավորման ծրագրերի օգտին կարող են քվեարկել 16 տարին լրացած քաղաքացիները: Համայնքային կյանքի բարելավմանն ուղղված ծրագրերը ներկայացվելու են փետրվարի 2-ից մինչև փետրվարի 9-ը, իսկ փետրվարի 11-ից-23-ը Վաղարշապատի համայնքապետարանի պաշտոնական կայքում կսկսվի էլեկտրոնային քվեարկությունը: Մինչև այդ քաղաքացիների, հասարակական կազմակերպությունների և նախաձեռնող խմբերի առաջարկները դրվելու են հանրային քննարկման:   

Leave a Comment