Մադրիդի «Ռեալի» նախկին կիսապաշտպան Տոնի Կրոսը կարծիք է հայտնել, որ ակումբի երկրպագուների համար «Բարսելոնայի» դեմ սկզբունքային դիմակայությունները երբեմն ավելի մեծ կարևորություն ունեն, քան մրցաշարային ընդհանուր հաջողությունը։
«Եթե «Ռեալի» երկրպագուն ստիպված լիներ ընտրություն կատարել Լա լիգայի տիտղոսի և մրցաշրջանի երկու «Էլ Կլասիկոներում» հաղթանակի միջև՝ առանց չեմպիոնության, դժվարանում եմ ասել, թե ինչ կընտրեր նա։ Կարծում եմ, որ կնախընտրեր հաղթել երկու դիմակայություններում», – Կրոսի խոսքերն է մեջբերում The Touchline-ը։
Իսպանիայի այս առաջնության առաջին շրջանում «Ռեալը» 2-1 հաշվով առավելության էր հասել մրցակցի նկատմամբ։ Երկրորդ շրջանի հանդիպումը կայանալու է մայիսին՝ Բարսելոնայի «Կամպ Նոու» մարզադաշտում։ Իսկ վերջերս կայացած Իսպանիայի սուպերգավաթի եզրափակչում հաջողությունն ուղեկցել էր կատալոնացիներին՝ 3-2։
Մրցաշարային աղյուսակը գլխավորում է «Բարսելոնան», իսկ «Ռեալը» հետապնդում է առաջատարին՝ զիջելով ընդամենը միավորով։