Հունվարի 28-ը հայոց բանակի կազմավորման օրն է, օր, որը խորհրդանշում է Հայաստանի անվտանգության հիմքը և հազարավոր երիտասարդների ծառայությունը հայրենիքին։ Հայոց բանակը ձևավորվեց 1992 թվականին և այսօր շարունակում է կատարել իր գլխավոր առաքելությունը, պաշտպանել Հայաստանի սահմաններն ու ապահովել երկրի անվտանգությունը։
Հայոց բանակը մեր պետականության ամուր հենասյունն է, մեր ժողովրդի պաշտպանն ու խաղաղ ապագայի երաշխավորը։ Այսօր, երբ Հայոց բանակը նշում է իր 34-րդ տարեդարձը, Iravaban.net-ը առանձնահատուկ նյութ է պատրաստել N զորամասի մասին, որտեղ արտացոլվում է զինծառայողների քաջությունը, նրանց սուրբ նվիրումն ու օր ու գիշեր կատարած պարտքը հայրենիքի նկատմամբ։
Փոխգնդապետ Ռոմանո Սախանյանը զինված ուժերում ծառայում է 20 տարի։ Նա ընդգծում է զինվորների պատրաստության ու մարտական ոգիու կարևորությունը, հիշեցնում, որ յուրաքանչյուր զինվորի ավանդը հայրենիքի պաշտպանության գործում անգնահատելի է։ Նա շեշտում է հայրենասիրությունը որպես ամենաբարձր արժեք և մաղթում, որ հայոց բանակի երիտասարդ սերունդը միայն խաղաղ երկնքի տակ ծառայի։
«Բանակի դերը ամենակարևորն է Հայաստանի Հանրապետությունում։ Զինվորների մարտական ոգին պահանջում է ամենօրյա քրտնաջան աշխատանք, որը որ կատարվում է հայրենասիրության ոգով դաստիարակելով։ Նրանց հայրենիքի պաշտպանության գործում զինվորի դերը և ավանդը ամենակարևորներից է, քանզի մենք ունեցանք շատ-շատ զինվորներ, անուններ, որոնք որ հայրենիքի համար տվեցին ամենաթանկը՝ իրենց կյանքը։ «Հայրենասիրությունը մարդկային առաքելությունների թագն է»,- այդ կարգախոսով է առաջնորդվում հրամանատարը»։
Ժամկետային զինծառայող Տիգրանը ծառայում է մեկ տարի վեց ամիս, բանակը նրան սովորեցրել էլինել կարգապահ, պատասխանատու և ընկերասեր։ Նրա խոսքով հայոց բանակը ոչ միայն զինվորի, այլ ողջ ազգի խաղաղության և անվտանգության երաշխիքն է։
«Ծառայել հայրենիքին իմ համար նշանակում է անել հնարավորն ու անհնարինը հայրենիքի բարգավաճման և հայրենիքի ժողովրդի հանգստության ու խաղաղության համար։ Հայոց բանակը ոչ միայն իմ համար, դա ամբողջ ազգի համար ազգային ձեռքբերում է, պետականության երաշխիք է, Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիների, բոլոր բնակիչների խաղաղության ու գլուխը բարձին հանգիստ դնելու մեծ երաշխիք է»,-ասել է զինծառայող Տիգրան Մաթևոսյանը։
Վահագը նորակոչիկ է, զորակոչվել է հայոց բանակ մեծ ոգևորությամբ և դրական տրամադրվածությամբ, նրա խոսքով բանակը ազգի հիմքն է։
«Ես համարում եմ, որ բանակը մեր ազգի հիմունքն է ու ամեն տղամարդ պետք է կատարի իր պարտականությունը և ծառայի բանակում։ Բանակից առաջնահերթ սպասում եմ, որ ինձ ավելի կկոփի։ Հայոց բանակը դա ազգի անվտանգության հիմքն է և ազգը պետք է լինի հենց իրենով բանակ և պետք է լինի պատրաստ ամեն ինչի»,-ասել է նորակոչիկ Վահագն Խաչատրյանը:
Տիգրանը մեկ տարվա զինծառայող է, ընդգծում է, որ հայրենիքին ծառայելը պատասխանատվության գիտակցություն է, իսկ բանակը մարդու արժեքները խորացնելու, հասուն մտածողություն զարգացնելու և ընկերասիրություն ձեռք բերելու հնարավորություն։
«Ինձ համար հայրենիքին ծառայելը նախ առաջինը նշանակում է այն, որ տղան գիտակցում է, թե իր վրա ինչ մեծ պատասխանատվություն կա դրած, քանի որ հայրենիքի, թեկուզ ծնողների, թեկուզ իր հայրենակիցների խաղաղ արթնանալը այս ժամանակներում արդեն կախված է զինվորի ճիշտ ծառայությունից։ Բանակը մտածելակերպը ավելի հասուն է դարձնում, քանի որ այստեղ լիքը հարցերի սկսում ես այլ ձև նայել, քան ազատ կյանքում, երբ որ արժեքները խորացվում են, դրանով էլ արդեն մարդու մտածելակերպը ինքնըստինքյան փոխվում է։ Հայոց բանակը Հայաստանի Հանրապետության կարևոր հիմնասյուններից մեկն է, քանի որ հայոց բանակն է ապահովում երկրի անվտանգությունը, անառիկ պահում երկրի սահմանները, որպեսզի մեր հայրենակիցները կարողանան խաղաղ արթնանալ բաց երկնքի տակ»,-ասել է Տիգրան Պողոսյանը։
Հայոց բանակում մեծ դեր ունեն նաև կին զինծառայողները։ Մարինա Զարյանը զինված ուժերում ծառայում է 2014 թվականից, նրանց ընտանիքում զինվորական ծառայությունը դարձել է ավանդույթ, նա ընտրել է այս ուղին` հետևելով ամուսնուն։ Ներկայումս ժամկետային զինծառայող է նաև նրա որդին։
«Տղաս էլ է ժամկետային զինծառայող, շուտով կզորացրվի: Կին էակը ընդհանրապես ուժեղ էակ է, նախ պարտավորեցնողէ, երկրորդն էլ պատասխանատվության զգացողությունը կանանց մոտ մի քիչ ավելի ուժեղ է ու հստակ։ Հայոց բանակը իմ համար մի տեղ է, որտեղ կարող ենբոլոր մարդիկ համախմբված լինեն, մեկը մյուսին թիկունք կանգնել»,-ասել է Մարինա Զարյանը։
Լիանա Հակոբյանը ծառայում է 2015 թվականից և երբեք չի զղջացել իր կատարած ընտրության համար։ «Սկզբից անցել եմ ծառայության որպես խոհարար, որից հետո արդեն կապավոր։ Ես սիրում եմ ծառայությունը, և կարծում եմ յուրաքանչյուր ոք իր ներդրումը պետք է ունենա հայոց բանակի համար, իր հայրենիքը պաշտպանելու համար։ Ա յն աղջիկներին ովքեր ցանկանում են ծառայել հայոց բանակում կասեի որ շատ ճիշտ որոշում են կայացրել։ Ես ինքս արդեն 10 տարի ծառայում եմ և չեմ փոշմանել և շարունակում եմ ծառայել»,-ասել է Լիանա Հակոբյանը։
Հայոց բանակը ոչ միայն զինված ուժ է, այլ նաև մարդկանց մի մեծ ընտանիք, որտեղ ծառայում են թե՛ տղաներ, թե՛ աղջիկներ, մեկ նպատակի համար պաշտպանել հայրենիքը։ Հունվարի 28-ի կապակցությամբ շնորհավորում է բոլոր զինծառայողներին և շնորհակալություն հայտնում նրանց ծառայության համար։