
Նորայր Դունամալյանը գրում է. «Բենեդիկտ Անդերսոնը «Երևակայական համայնքներ» գրքում ցույց է տալիս, թե ինչպես է անհայտ զինվորի կերպարը դառնում հզոր ազգային խորհրդանիշ։ Հասարակության յուրաքանչուր անդամ կարող է նույնականացնել իրեն այդ անհայտ զինվորի հետ։ Սակայն էականն այլ է․ այդ զինվորը միշտ կապված է կոնկրետ պատերազմի, կոնկրետ պատմական իրադարձության հետ, որը հասկանալի է ամբողջ քաղաքական համայնքին։ Այս դեպքում խորհրդանիշը ընդհանրացված է, բայց ներառված է անցյալի, պատմության և ազգային առաքելության միասնական իմաստային համակարգի մեջ։
Այս ֆոնին հատկապես խոսուն է հիշատակի օրվա պրակտիկան՝ առանց կոնկրետ իրադարձության։
Եթե անհայտ զինվորը հայտնի պատերազմի անանուն հերոսն է, ապա վերացական ամսաթիվը (ինչպիսին է, օրինակ, հունվարի 27-ը՝ Հայրենիքի պաշտպանության ընթացքում զոհվածների հիշատակի օրը) հիշողություն է առանց իրադարձության։
Այն անցյալը դարձնում է ոչ թե պատմություն, այլ ծես։
Այսպիսի հիշողության ձևաչափը պատմությունը վերածում է քաղաքականորեն անվնաս տարածքի։ Պատմությունը վտանգավոր է իշխանության համար, որովհետև ստեղծում է պատճառահետևանքային կապեր և պատասխանատվության հարց։ Իսկ իրադարձություն չունեցող ամսաթիվը զրկված է մեկնաբանությունների բախումից․ այնտեղ քննարկելու բան չկա, բացի վշտից։
Այս մոտեցումը նաև հիշեցնում է հայկական պատմական հիշողության դասական մոդելի պարզեցված տարբերակը, որտեղ զոհի և նահատակության կերպարը ներառվում է բարոյական հաղթանակի խորհրդանշական համակարգի մեջ (44-օրյա պատերազմում պարտության և Արցախի կորուստի արդարացում Հայաստանի ինքնիշխանության պահպանմամբ)։
Անկախ «Պատմական Հայաստանի» սկզբունքներից հռչակված հրաժարումից, հավաքական հիշողությունը շարունակում է կառուցվել նահատակի, այլ ոչ թե հերոսի շուրջ։ Նահատակը սրբացնում է կորուստը, բայց չի ձևավորում քաղաքական ապագա։ Հերոսը ենթադրում է գործողություն և պատմության շարունակություն, իսկ նահատակը ամրագրում է դրա ավարտվածությունը։
Անանուն ամսաթիվը, այսպիսով, ներդրվում է հենց զոհաբերության այս տրամաբանության մեջ․ ոչ հաղթանակ, այլ կորուստներ, ոչ պատասխանատվություն, այլ հավերժ սուգ։
Արդյունքում պետությունը գնալով ավելի քիչ է աշխատում պատմական իմաստների հետ և ավելի շատ՝ օրացույցի։ Հիշողությունը վերածվում է ժամանակի կառավարման մեխանիզմի․ հասարակությանը պարբերաբար վերադարձնում են կորստի վիճակին, որտեղ դժվար է ձևավորել փոփոխության պահանջ։
Այստեղ է նման կոմմեմորատիվ քաղաքականության հիմնական վտանգը․ այն աղետը դարձնում է մշտական վիճակ և պատմական ըմբռնումը փոխարինում ծիսական ապրումով։ Ինչպես դա արդեն տեղի է ունեցել անցյալում «ազգ-զոհի» բարդույթի ձևավորման ընթացքում։
Բայց եթե այդ մոդելի հիմքում դրված էր իրական պատմական իրադարձություն՝ հայոց ցեղասպանությունը, ապա այսօր ազգային խորհրդանիշի ձևը պահպանվում է առանց պատմական բովանդակության, ինչը չի կարող նպաստել հասարակության համախմբմանը։
Հ.Գ. Կարևոր է նաև նշել, որ հայ պաշտոնյաները շարունակում են ներառել հայկական օրակարգերը համաշխարհային թրենդների մեջ՝ համակցելով՝ Հայրենիքի պաշտպանության ընթացքում զոհվածների հիշատակի օրը Հոլոքոստի զոհերի հիշատակի միջազգային օրվա հետ և օգտագործելով «երկնային բանակ» եզրույթը»: