Հայաստանը կատարել է խաղաղության հստակ և գիտակցված ընտրություն՝ ձեռնարկելով վճռական քայլեր, որոնք հնարավորություն են տվել Հարավային Կովկասին շարժվել դեպի խաղաղություն և տարածաշրջանային համագործակցություն, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նստաշրջանում ունեցած ելույթի ընթացքում հայտարարել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։
Նրա խոսքով՝ 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում կայացած խաղաղության գագաթաժողովը պատմական շրջադարձային պահ էր՝ Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի համատեղ հռչակագրի ստորագրմամբ, ԱՄՆ նախագահի մասնակցությամբ:
Միրզոյանը նշել է, որ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի հետ համատեղ նախաստորագրվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագիրը։
Ըստ նրա՝ փաստաթուղթը հիմնված է ինքնիշխանության և տարածքային ամբողջականության սկզբունքների վրա՝ որպես տարածաշրջանում երկարատև խաղաղության և կայունության անխախտելի հիմքեր։
«Հայաստանի համար սա լրջագույն խոստում է մեր քաղաքացիներին և ապագա սերունդներին, որոնք տասնամյակներ շարունակ տուժել են հակամարտությունից։ Մենք ընտրում ենք համագործակցությունը՝ բախման փոխարեն, հույսը՝ հուսահատության փոխարեն, զարգացումը՝ անկման փոխարեն»,- ընդգծել է նախարարը։
Անդրադառնալով գերիների հարցին՝ Միրզոյանը նշել է, որ չորս հայ գերիների ազատ արձակումը հույս է ներշնչում Ադրբեջանում դեռ պահվող ևս 19 անձանց հնարավոր վերադարձի հարցում։ Նրա խոսքով՝ այս գործընթացում համագործակցությունը կարևոր է նաև անհայտ կորած անձանց ճակատագրի պարզաբանման տեսանկյունից և կարող է նշանակալի ներդրում ունենալ հաշտեցման գործընթացում։