«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան պաշտոնապես անդրադարձել է թիմի կիսապաշտպան Պեդրո Ֆերնանդեսի՝ ՊՍԺ տեղափոխությանը։
Catalunya Radio-ի եթերում Լապորտան հաստատել է լուրերը՝ նշելով, որ իրադարձությունների նման զարգացումն ակումբի համար անսպասելի էր։
«Նա հայտարարեց, որ չի մնալու։ Դա մեզ համար տհաճ էր և անսպասելի», – նշել է Լապորտան։
Ակումբի նախագահը մանրամասնել է, որ կողմերն ի սկզբանե այլ պայմանավորվածություն են ունեցել ֆուտբոլիստի ապագայի վերաբերյալ։
«Մենք պայմանավորվել էինք կարիերայի շարունակության այլ տարբերակի շուրջ։ Սակայն, ի զարմանս մեզ, նրա գործակալը հայտնեց, թե մենք իբր չենք կարող կատարել համաձայնության մեր մասը», – պարզաբանել է Լապորտան։
Ընթացիկ մրցաշրջանում 18-ամյա իսպանացին կատալոնական ակումբի կազմում մասնակցել է 8 հանդիպման՝ դառնալով 1 գոլային փոխանցման հեղինակ։ Transfermarkt-ը նրա տրանսֆերային արժեքը գնահատում է 10 միլիոն եվրո։